News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը իրավապահների համար տհաճ իրավիճակ է ստեղծել: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ իրավաբան չէ գործն իրավական տեսակետից գնահատելու համար, սակայն հայ հանրության մեծ մասը համոզված է, որ անցած տարիներին եղել է զանգվածային կոռուպցիա, սակայն իշխանափոխությունից հետո այս առումով փաստեր չեն ներկայացվել: «Սա վկայում է այն մասին, որ համանման բոլոր հայտարարությունները կա՛մ, սուտ են, կա՛մ իրավապահները վատ են աշխատում»,- շեշետեց փորձագետը:

Անդրադառնալով Քոչարյանն ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցին՝ փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ՝ մի բան է, երբ դու ընդդիմադիր ես, այլ բան՝ երբ իշխանության ներկայացուցիչ ես: «Այնպես չէ, որ նախկին իշխանությունները շատ լավն էին, սակայն հայտարարություններ անելիս նրանք ինչ-որ պահի հասկանում էին, որ չեն կարող անցնել որոշակի սահմանները: Ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ վարկանիշը սպառվելու միտում ունի, եւ այդ ժամանակ հանրությունը կարող է սկսել հարցեր տալ: Այդ ժամանակ էլ ստիպված կլինեն «գամերն ու մանեկները» ձգելու աշխատանք կատարել: Բայց առայժմ հանրությունը սա կընդունի որպես նորմ, այսպիսի երեւույթները տեղ կունենան»,- պարզաբանեց Կարեն Քոչարյանը:

Փորձագետը նկատեց, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր մեկ բան` չառաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, սակայն այլ կերպ վարվեց: Եվ ներկայիս իշխանությունները պետք է հասկանան դա:

Նշենք, որ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Քոչարյանի հայցով նիստից հետո  Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանությունը բավարար  համարեց Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դիմել էր դատարան: Դիմելու առիթ էր դարձել Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված  հետեւյալ արտահայտությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Դատարանում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ եթե հակառակ կողմն ասի, որ նկատի չի ունեցել Քոչարյանին, նրանք կհրաժարվեն հայցից: Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը  լիազորված  է ասելու, որ իր վստահորդի կողմից արված արտահայտությունները չեն վերաբերվել Ռոբերտ Քոչարյանին։

Այսպիսով Ալումյանը հայտարարեց, որ հրաժարվում է  հայցից։ Դատավորը մեկ օրով հետաձգեց նիստը՝  հայցվոր կողմին ժամանակ տրամադրելով հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ