News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը իր հետագա պատիժը պե՛տք է կրի Հայաստանում։ Նման պահանջով այսօր՝ հունիսի 13–ին, կառավարության առաջ բողոքի ակցիա էին իրականացնում «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները և Առաքելյանի հարազատները։

«Մենք միացել ենք այս պայքարին եւ պայքարելու ենք այնքան, մինչեւ Արման Առաքելյանի արտահանձնումը կազմակերպվի։ Նա պետք է իր պատիժը կրի հարազատներին ավելի մոտ, որպեսզի նրանք կարողանան գոնե ամիսը 1–2 անգամ այցելել իրենց պապիկին, իրենց հորը»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության նախագահ Վահագն Չախալյանը։

Նշենք, որ 18 տարվա ազատազրկման դատապարտված Առաքելյանն արդեն 4 տարի կրում է պատիժը Մուրմանսկի բանտում։

«Մեկ տարուց ավելի է՝ հարազատները դիմում են ՀՀ իշխանություններին։ ՌԴ դատախազությունը համաձայնվել է Արմանին արտահանձնել, իսկ մեր կողմից անհասկանալի պատճառներով մերժվում է ամեն անգամ։ Արմանի ընտանիքի անդամները եւ մենք բոլորս էլ պատրաստ ենք մասնակցել արտահանձման հետ կապված ծախսերին»,– ասաց Չախալյանը։

Արման Առաքելյանի որդին՝ Գուրգեն Առաքելյանը, NEWS.am-ին պատմեց, որ հայրը ադրբեջանցուն սպանել է հայ ազգին վիրավորելու համար։

«Այդ ադրբեջանցին հայհոյել է մեր հերոսներին, մեր ազգին, Շառլ Ազնավուրի նկարը կոտրել, գցել գետնին, դրանից հետո հայրս նրան սպանել է։ Քանի որ Ռուսաստանը հորս արտահանձնում է, մենք հավաքվել ենք, որպեսզի իմանանք պատճառը, ո՞րն է, որ չեն ընդունում։ Մեզ մոտեցավ վարչապետի մամուլի խոսնակը եւ ասաց, որ բոլոր հարցերին երկուշաբթի կպատասխանեն»,– պատմեց Գուրգենը։

Նշենք, որ ավելի ուշ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է Ադրբեջանի քաղաքացուն սպանելու համար ՌԴ-ում 4 տարի առաջ 18 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի գործը։

«Մի քանի հանգամանքներ կան այդ որոշումը կայացնելիս։ Դրանք վերաբերում են ոչ միայն Արդարադատության նախարարությանը։ Ճիշտ է, Արդարադատության նախարարության խողովակով է իրականացվում փոխանցումը, բայց պետք է քննակումներ իրականացվեն, նոր որոշում կայացվի»,- ասել է փոխնախարարը՝ հավաստիացնելով, որ արհեստական ձգձգումներ չկան։

Տպել
Ամենաշատ