News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ կտրուկ մերժել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների հնարավորությունը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանի արժանի չէ, հաղորդում է Tasnim-ը:

Հանդիպման սկզբում Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը:

«Մենք չենք կասկածում ձեր բարի կամքին եւ լրջությանը, սակայն այդ ուղերձի հետ կապված նշեմ, որ Թրամփի մեջ չեմ տեսնում մարդու, որն արժանի է պատասխանի: Ես չեմ պատասխանի այդ ուղերձին»,- ի պատասխան ասել է Խամենեին:

Ինչ վերաբերում է Ճապոնիայի վարչապետի մեկնաբանությաւնը՝ կապված Թրամփի այն պնդման հետ, որ Վաշինգտոնը չի ձգտում փոխել Իրանի ռեժիմը, Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի հետ Իրանի խնդիրը կապված չէ ռեժիմի փոփոխության հետ՝ չնայած ԱՄՆ-ը երբեք դրան չի հասնի, նույնիսկ եթե ցանկանա:

Մեկնաբանելով Իրանի հետ միջուկային բանակցությունների մասին ԱՄՆ-ի կոչը՝ Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է միջուկային համաձայնագրից:

«Ո՞ր իմաստունը կրկին բանակցություններ կվարի մի երկրի հետ, որը խախտել է բոլոր համաձայնագրերը»,- ասել է նա:

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ը վճռական է տրամադրված՝ արգելելու Իրանին միջուկային զենք արտադրել, ինչին Խամենեին պատասխանել է.

«Մենք դեմ ենք միջուկային զենքին, եւ իմ հրամանն ասում է, որ միջուկային զենքի արտադրությունը մեղք է, սակայն հիշեք, որ եթե Իրանը մտադիր լինի միջուկային զենք արտադրել, ապա ԱՄՆ-ը ոչինչ անել չի կարող»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հազարավոր միջուկային մարտագլխիկներ ունի եւ իրավունք չունի պայմաններ դնել այլ երկրների համար:

Աբեն նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ, ինչին Խամենեին պատասխանել է, որ Իրանը չի հավատում անկեղծ բանակցություններից, հատկապես՝ այնպիսի մարդուց, ինչպիսին Թրամփն է:

«Անկեղծությունը հավադեպ է հանդիպում ամերիկացի պաշտոնյաների շրջանում»,- նշել է նա:

Աբեի խոսքով՝ Վաշինգտոնի հետ բանակցությունները նպաստեն Իրանի զարգացմանը: Խամենեին, իր հերթին, ասել է, որ Իրանը կշարունակի զարգանալ՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին եւ առանց ԱՄՆ-ի հետ բանակցությունների:

Նա նաեւ ողջունել է Իրանի հետ կապերի ընդլայնման հարցով Ճապոնիայի վարչապետի կոչն ու ասել, որ Ճապոնիան կարեւոր երկիր է Ասիայում, եւ եթե այն ցանկանում է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները, ապա պետք է արտահայտի իր վճռականությունն այնպես, որ որոշ խոշոր երկրներ եւս նման վճռականություն հայտնեն:

«Մենք կարծում ենք, որ մեր խնդիրները չեն լուծվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների շնորհիվ, եւ ոչ մի ազատ ժողովուրդ հավանություն չի տա ճնշման տակ բանակցություններին»,- եզրափակել է Խամենեին՝ դատապարտելով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ