News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը բացառում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող էր պատռել Քննչական կոմիտեի ուղարկած ծանուցագիրը։  Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նշելով սակայն, որ ծանուցագիրը պատռելու վերաբերյալ չի խոսել Գագիկ Ծառուկյանի հետ։

«Բացարձակ սուտ ինֆորմացիա է, չկա նման բան: Ես, ճիշտն ասած, ինֆորմացված չեմ այդ առումով. եղել է ծանուցագիր, թե՝ ոչ, բայց կարող եմ եզրակացնել, որ չի եղել: Ծառուկյանը, ինքը անձամբ, մի քանի անգամ եւ՛ հանրությանը, եւ՛ լրատվամիջոցներին մշտապես ասել է մեկ բան, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ պետք է հավասար պատասխանատվություն կրեն օրենքի առաջ: Միանշանակ, վստահ եմ, որ մանր, ինտրիգային, բամբասկոտ խոսակցությունների արդյունք են դրանք: Ես չեմ կարծում, որ Ծառուկյանն այն մարդն է, որ ծանուցագիր պատռելով ինչ-որ բան պետք է ապացուցեր ինչ-որ մեկին. առավել եւս, երբ խոսքը վերաբերում էր Աբովյան քաղաքի վերջին ընտրություններին: Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որեւիցե մասնակցություն չի ունեցել այդ ընտրություններին, եւ որիցե աջակցություն չի ցուցաբերել: Ինչո՞ւ պետք է Ծառուկյանը նման քայլի գնար»,- ասաց պատգամավորը եւ առաջարկեց չշտապել որեւէ եզրակացություն անել, այլ սպասել Քննչական կոմիտեի հայտարարությանը:

Հարցին՝ դատապարտելի է արդյոք օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նման քայլ կատարելը, Գրիգորյանն ասաց, որ ցանկացած բան, որը օրենքով սահմանված կարգով խախտվում է՝ դատապարտելի է․ «Եթե դուք պարզեք, որ Քննչական կոմիտեն ուղարկել է ծանուցագիր Գագիկ Ծառուկյանին, եւ նա ստանալով ծանուցագիրը՝ չի ներակայացել, հարցերը ուղղեք նրան: Որքան գիտեմ՝ ծանուցագիր ստանալուց հետո չներկայանալը, քրեական դատավարությունում որոշակի ընթացակարգ է նախատեսում դրա համար։ Եթե օրինակ ես ստացել եմ ծանուցագիր դատական մարմիններից, այդ ծանուցագիրը իմն է, ես կարո՞ղ պատռել այդ ծանուցագիրը, ի՞նչ, դա քրեորեն պատժելի արա՞րք է, կարող եմ պատռել, դնել գրպանս, գցել դարակում, ամեն ինչ կարող եմ անել»։

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ՝ 18:30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։

Aysor.am-ն էլ, հղում կատարելով իր աղբյուրներին գրել է, որ նա ոստիկանի կողմից ծանուցագիր ստանալուց հետո պատռել է այն եւ իրավապահ մարմին ներկայանալու մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 12–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում:

Հիշեցնենք, որ մայիսի 8–ի գիշերը Աբովյանում հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու համար:

Սարիբեկյանը ճանաչվել է գործով տուժող:

Տպել
Ամենաշատ