News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձեւավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես  տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝  ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարարը մանրամասնել է նաեւ նոր ձեւավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները:

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջեւ կա գործակցության մեծ ներուժ եւ այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։

Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների  գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված եւ այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով եւ գիտելիքներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին եւ այլն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ  կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ