News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանի բակում այսօր՝ հունիսի 14-ին, բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։ Դատարանի տարածքում հսկողություն են իրականացնում ոստիկանները եւ դատական կարգադրիչները, նաեւ արգելապատնեշներ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքներն է քննվում: Դատավարությանը ներկա է Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք, որ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը որոշակի նյութեր էր պահանջել՝ այդ թվում վերաքննիչ վարույթի հետ կապված, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվել էր։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

Տպել
Ամենաշատ