ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին անվանել է «ահաբեկչության ազգ» եւ Թեհրանին մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեջ:
«Fox & Friends»-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ հենց Իրանն է կանգնած հարձակումների հետեւում՝ վկայակոչելով տեսանյութը, որը հրապարակել են ամերիկացի զինվորականները: Դրանում, ենթադրաբար, իրանցիները Kokuka Courageous լցանավից հանում են չպայթած ականը: Թրամփի խոսքով՝ ականի վրա գրված էր «Իրան»:
Թրամփը նշել է, որ պաշտոնավարմանն անցնելուց հետո Իրանին «զգալի վնաս է պատճառվել», սակայն «սպառնալիքը դեռեւս մնում է: «Նրանք (Իրան) ահաբեկչության ազգ են, եւ նրանք շատ են փոխվել այն ժամանակվանից, ինչ ես նախագահ եմ դարձել»:
Նրա խոսքով, Հորմուզի նեղուցը՝ առանցքային առեւտրային ծովային ուղին, երկու նավթային լցանավերում տեղի ունեցած հարձակումներից հետո, չի փակվի կամ ծայրահեղ դեպքում դա երկար չի տեւի: Հարցին, թե ինչ միջոցներ է նա նախատեսում ձեռնարկել, որպեսզի հետագայում նմանատիպ միջադեպերը դադարեն, Թրափբը պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք»:
Նախօրեին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ իրանցիները կոպիտ հարձակում են իրականացրել ծոցի լցանավերի վրա:
Նրա խոսքերով, Իրանը փորձում է «դադարեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով», եւ դա `լարվածության էսկալացիայի արշավի մի մաս է: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի տարածաշրջանում իր ուժերն ու շահերը:
Թվիթների շարքում Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը բարձր էր գնահատել ԱՄՆ ռազմածովային ուժերի ջանքերը, Իրանի «հարձակումները» միջազգային անվտանգության եւ խաղաղության սպառնալիք էր անվանել:
Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի զինվորական նավաստիները Kokuka Courageous-ին ամրացված ական էին գտել:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է քաղաքացիական լցանավերի վրա հարձակման ներգրավածության մեջ: Ըստ նրա, այդ մասին են վկայում «հետախուզության տվյալները եւ օգտագործված զենքը»:
Թեհրանը հերքել է միջադեպին իր ներգրավվածությունը, մեղադրելով Վաշինգտոնին` բանակցությունները տապալելու փորձի եւ տնտեսական ահաբեկչությունը Իրանին վերագրելու մեջ: