News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ եւ ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաեւ իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք, եւ այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում եւ ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձեւավորման եւ այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:

Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից եւ վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երեւանում, մինչեւ 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք, եւ կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք Ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաեւ Ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ ավելացրել. «Պարտավորված եմ զգում եւ մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաեւ մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ իրական, իմաստալից, խորը համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել եւ՛ Հայաստանի, եւ՛ Սփյուռքի համար:

Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել, բառիս լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատեւման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, եւ ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ