News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ամենակարևոր գաղափարը անհատի ազդեցությունն է իրականության վրա: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին ամենակարևոր գաղափարը անհատի ազդեցությունն է իրականության վրա, անհատական վարքագծի և հանրային վարքագծի կապը: Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում գոյություն ունեցող իրականության համահեղինակ են հանրության բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները՝ առանց բացառության: Սա էր այն անկյունաքարային բանաձևը, որ հանգեցրեց հեղափոխության, որովհետև ի հայտ բերեց մեր իրականության մեկնաբանության նոր մեկնակետ: Մինչ այդ ձևակերպման ծնունդը մեր հանրության շրջանում ընդունված էր արատավոր իրականության համար մեղադրել, քննադատել ցանկացածին, բայց ոչ երբեք ինքդ քեզ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ երկրում մի հետաքրքրիր երեւույթ է ինքը նկատել, երբ բացասական ընկալում ունեցող գործիչները դառնում էին ընդդիմադիր, միանգամից «ինդուլգենցիա են ստանում»:

«Երկար տարիներ Հայաստանում իշխանության մեջ գտնվող անձինք, ովքեր հանրային բավականին նեգատիվ համարում ունեին, մշտապես գտնվում էին մամուլի և հանրության ուշադրության, երբեմն ատելության տիրույթում, այս կամ այն պատճառով պաշտոնից ազատվելուց և ընդդիմադիր գործունեություն ծավալելուց հետո հանրային որոշակի ինդուլգենցիա են ստանում՝ միանալով քննադատների այն բանակին, որի քննադատության թիրախ էին ընդամենը մի քանի ամիս առաջ: Մի քանի ամիս առաջ մեղավորները մի քանի ամիս հետո դառնում էին անմեղ, մի քանի ամիս առաջ մամուլի ատելիները մի քանի ամիս հետո դառնում էին մամուլի սիրելի»,- ասաց Փաշինյանը, եւ այդ երեւույթի պատճառն ըստ նրա՝ «բոլորը մեղավոր են բացի իրենից» բանաձեւն էր, որից իրենք հրաժարվել են։

Անդրադառնալով իրենց կուսակցության գաղափարախոսությանը՝ Փաշինյանը նշեց․ «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն։ Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ասաց վարչապետը:

Հաջորդ՝ հայրենիքում անվտանգ ապրելու գաղափարը ներկայացնելիս Փաշինյանը հիշեց, որ Ապրիլյան պատերազմի օրերին ՔՊ-ն ջոկատ էր ձեւավորել, եւ թվարկեց բոլոր նրանց՝ ովքեր այդ ջոկատում էին եւ այժմ բարձրաստիճան պաշտոնյաներ են․ «Այդ օրերին մենք բոլորս ներգրավված էինք Հրազդանի ընտրություններում, քարոզարշվը գտնվում էր եռուն փուլում։ Հենց քարոզարշավի ընթացքում նախ Հրազդանի քաղաքապետի թեկնածուն, ՔՊԿ վարչության անդամ Սասուն Միքայլելյանը իր ղեկավարած «Սասուն» կամավորական ջոկատով միացավ ՀՀ Զինված ուժերին, ապա եւ ձեւավորվեց ՔՊ կուսակցության կամավորական ջոկատը, որը մարտական ծառայություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Այդ ջոկատի կազմում ընդգրկված էին այսօր արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտաքին հարաբերույթունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Բոշյանը, Հովիկ Աղազարյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Արամ Խաչատրյանը, Արմեն Փամբուխչյանը։ Իհարկե, ջոկատում այլ մարդիկ էլ կային, ես ներկայացրի նրանց, ովքեր այսօր բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են։ Այո, մենք զենք վերցրինք եւ որպես կամավոր գնացինք մեր հայրենիքը պաշտպանելու, որովհետեւ դա մեր պարտավորությունն էր որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, բայց մենք չէինք գնացել ընդամենը մեր կուսակցության կանոնանդրությամբ մեր ստանձնած պարտավորությունը կատարելու։ Որպես այդ ջոկատի հրամանատար ուղիղ խնդիր էի դրել մեր ջոկատի անդամների առաջ՝ որ բոլորս գիտակցենք, որ գնում ենք հանուն հայրենիքի զոհվելու, եթե այդպես ստացվի, եթե այդպես կվիճակվի, եթե այդպես անհրաժեշտ կլինի, ու մեր ծնկները չէին ծալվի, մեր ձեռքերը չէին դողա մեր հայրենիքը պաշտպանելիս, որովհետեւ մեր ողնաշարն ու ոտքերը ամուր էին երրորդ ամենակարեւոր գաղափարով, որ արձանագրված է ՔՊ ծրագրի առաջին կետում, ինչ նշանակում է, որ իր հայրենիքում անվտանգ ապրելու հայ ժողովրդի իրավունքը չի կարող եւ չպետք է որեւէ մեկի կողմից կասկածի տակ առնվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ