News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք խոստացել ենք, որ հարկ եղած դեպքում փողոցում պայքարի գնալու դեպքում ժողովրդին երբեք չենք թողնելու փողոցում, չենք տանելու մի նոր պարտության եւ հիասթափության, եւ անպայման այն հասցնելու ենք հաղթական ավարտին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Համատարած ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում անցկացված 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը, հանդիսանալով մեր կուսակցության նորամուտը, բուն քաղաքական պայքարին կարելի է գնահատել բավարար, քանի որ որքան էլ մեզ չհաջողվեց ժողովրդին համոզել չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը, չվաճառել սեփական երեխայի ապագան, այնուամենայնիվ մեզ հաջողվեց ունենալ թեկուզ փոքրաթիվ ներկայություն խորհրդարանում, ինչ հետագա գործընթացների համար առանցքային նշանակություն ունեցավ»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախկին իշխանություններին թվացել է, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում, սակայն սխալվել են:

«Հերթական անգամ իրականացնելով «ինչքան ուզենք, այնքան կխփենք» ոճի ընտրություններ իշխանություններին թվաց, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում կատարվող քաղաքական ընտրություններում եւ պատահական չեմ համարում, որ նրանք այնքան լկտիացան, որ որոշեցին պարզապես խաբել սեփական ժողովրդին` հետ կանգնելով իրենց իսկ արած հրապարակային խոստումներից: Ժողովրդին հասցված այս ցինիկ ապտակը դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց նրա համբերության բաժակը: Ժողովուրդը ներքուստ պատրաստ էր պայքարելու, իր սահմանադրական իրավունքներն իրականացնելու համար եւ անհրաժեշտ էր այն ուժը, որը կառաջնորդեր ժողովրդի այդ պայքարը: Մեր կուսակցությունը, որ այս գործընթացը գեներացնող հիմնական ուժն էր կարողացավ առաջնորդել եւ ի փառս մեր ժողովրդի իրականացրեց աննախադեպ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, եւ այս պայքարում շատ մեծ էր ՔՊԿ վարչության անդամ, այժմ արդեն հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական դերը, ով կարողացավ ճշգրիտ քայլերով ապահովել այդ հաղթանակը»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը նշեց, որ իրենց հաջողվեց անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ եւ ստանալ օրենսդիր մարմնում մեծամասնություն:

Ելույթի վերջում Միքայելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը զգուշացում էր նախորդ իշխանություններին․ «Մեր ժողովուրդը խելոք է, իմաստուն եւ ունի լավ հիշողություն, նա երբեք էլ թույլ չի տա իշխանության բռնազավթում, որը դուք կատարել եք ձեր իշխանության օրոք: Ձեզ, նախորդներիդ եւս մեկ անգամ հիշեցնում եւ զգուշացնում ենք, որ ձեր իշխանության օրոք է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ըեւ այլ ոճրագործություններ, որի պատասխանատուն դուք եք, ձեր իշխանության օրոք էր, որ հայի ձեռքով հայի արյուն թափվեց, դուք այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք, մեր առողջ եւ ողջամիտ դատող ժողովրդին, դուք ձգտեցիք նսեմացնել ազատամարտը եւ ստեղծեցիք մի բանդա, որը բռնությամբ համարեցիք իշխանություն, եւ հիմա էլ այդ թալանով ուզում եք վերակենդանանալ, էդ ինչ ջիգյար եք կերել, ձեր վերակենդանանալը կարող է ունենալ միայն մեկ նպատակ վերջնականապես վերացնել ու հողին հանձնել սեփական ժողովրդին, ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք, բայց մենք, որ հիմք ենք դրել ժողովրդավարությանը, դա թույլ չենք տա: Ի սեր Աստծու սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թղություն խնդրեք, եւ իհարկե ձեզ կների Աստված»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ