News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված Վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը:

Հայտարարությունում ասվում . «ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի (այսուհետ տեքստում՝ Նախագծեր) հիմնական նպատակներն են հայտարարված ազգային տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաեւ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը:

Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու ուղղությամբ, ինչը արտահայտվում է մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարաներին հարկելուց ազատելու, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգերը միավորելու եւ պարզեցնելու մեջ: Դրան զուգահեռ բարձրացվում է շրջանառության հարկի շեմը մինչեւ 115 մլն դրամի:

Վերոհիշյալի հետ մեկտեղ առաջարկվում են փոփոխություններ ուղղակի հարկերի դրույքաչափերի ուղղությամբ, որոնք ըստ մեզ մասնագիտորեն հիմնավորված չեն, հակասում են ինչպես միջազգային փորձին, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ու ամրագրված դրույթներին:

Ուղղակի հարկերի դրույքաչափերի կիրառման այսպիսի մեղմ քաղաքականությունը բնականաբար առաջացնում է ՀՀ պետական բյուջեի մեծ ծախս, ակնհայտորեն զգալիորեն նվազեցնելով դրա եկամուտները:

Ահա այդ ծախսը փակելու նպատակով էլ Նախագծերով առաջարկվում են ակցիզային հարկերի դրույքաչափերի արագացված փոփոխություններ՝ դրանց կտրուկ բարձրացման ուղղությամբ:

Այս պարագայում եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է սոցիալական իրավունքների եւ սոցիալական արդարության տեսանկյունից:

Այդ փոփոխությունները առաջին հերթին դրականորեն կազդեն բարձր աշխատավարձ ստացող պատգամավորների, կառավարության անդամների, գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների, ֆինանսա-վարկային ու բանկային համակարգի աշխատողների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված շուրջ 1700 անձանց վրա՝ մեծացնելով նրանց կողմից տնօրինվող եկամուտների չափը:

Մինչդեռ այդ փոփոխությունները, մեր գնահատմամբ կառաջացնի լուրջ գնաճային ճնշում՝ տարեկան 4-5 տոկոսի չափով, ինչի արդյունքում կնվազի առավել ցածր աշխատավարձ ստացողների, կենսաթոշակառուների, նպաստառուների վճարունակ լինելու պահանջարկը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի համախառն սպառման մակարդակը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ Նախագծերով նախատեսված եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը.

կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամտի անուղղակի փոքրացմանը եւ բարձր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամուտների ուղղակի բարձրացմանը,

սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանը,

սոցիալական առումով դա կհանգեցնի նաեւ օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չեն պահանջվելու վճարել բարձր հարկեր,

մակրո մակարդակում դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի, դրանով պայմանավորված՝ նաեւ՝ համախառն սպառման, նվազեցմանը,

մակրո մակարդակում դա կհանգեցնի նաեւ համախառն կուտակման մեծացմանը, եւ վերջինս, ինչպես ցույց է տալիս փորձը, չի եղել եւ առայժմ չի կարող լինել ներդրումների ներքին աղբյուր եւ կհանգեցնի ֆինանսների արտահոսքի ՀՀ-ից,

կհանգեցնի բացասական ֆիսկալ էֆֆեկտի՝ պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը,

կմեծանան արտագաղթի տեմպերը,

կմարի տնտեսական ակտիվությունը,

լուրջ վտանգներ կառաջանան երկրի պաշտպանունակության, ինքնիշխանության ու անկախության պահպանման հրամայականներում:

Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկում է.

վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը, սահմանելով  միջազգայնորեն ընդունված պրոգրեսիվ եկամտային հարկահանություն,

անվերապահորեն կիրառել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանարապետության 2004 թ. մարտի 16-ի օրենքի պահանջները եւ դրա դրույթներին համապատասխան հաշվարկված ամենամյա «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի» չափով սահմանել «չհարկվող շեմ».

ակցիզային հարկի տնտեսագիտական բովանդակությանը համահունչ ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների անվանացանկը լրացնել վնասակար սպառում ենթադրող եւ շքեղություն բնութագրող ապրանքատեսակներով,

բարձրացնել 40 մլն դրամից ավել անշարժ գույքի գույքահարկի դրույքաչափերը՝ սահմանելով շքեղության հարկին համահունչ դրույքաչափեր,

բարձրացնել բնօգտագործման հարկի եւ բնապահպանական վճարի  դրույքաչափերը,

դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար եւ հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան,

սահմանել հարկային քաղաքականության նպատակները թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում եւ ըստ այդմ մշակել նոր հարկային օրենսգիրք,

սույն առաջարկներով պայմանավորված փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020թ. հունվարի 1-ից:

Տպել