Եվրոպական միությունը որոշել է մի շարք պատճառներով աջակցել կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական որոշումների հարցում:
Հունիսի 17-ին Ազգային ժողովում «Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների» վերաբերյալ լսումների ժամանակ, որը նախաձեռնել էր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը նշեց, որ իրենց կարծիքով, Հայաստանի համար մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել երկրի իմիջը, այլեւ ներդրում ունենալ տնտեսության զարգացման գործում:
«Երկրորդ՝ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանը ներուժ ունի եւ այն պետք է վերականգնվի, պետք է զարգանա: Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի:
Երրորդ՝ մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը ԵՄ «Կրեատիվ Եվրոպա» ծրագրում», – հավելեց Սվիտալսկին:
Եվրոպացի պաշտոնյան նկատեց, որ ենթածրագրերի մակարդակում Հայաստանն արդեն մասնակցում է երկու միջոցառումների եւ դա էական օգուտ կբերի երկրին:
«Բրյուսելում մենք լսել ենք, որ Հայաստանը ցանկանում է մասնակցել 2020-2022 թվականների համագործակցության ծրագրին եւ մշակույթը ամենակարեւոր գործոնն է, որպեզի այդ մասնակցությունը հնարավոր դառնա: Մենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանի մասնակցությունը «Կրեատիվ Եվրոպա» ծրագրին շարունակվի», – նշեց նա:
Պյոտր Սվիտալսկին նաեւ հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումը հաջողությամբ կպսակվի եւ ԱԺ-ն կկարողանա «Կինոյի մասին» օրենք ընդունել: