News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար եւ անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գոյությունն ունի հայեցակարգային նշանակություն: «Այս կառուցվածքը դիտարկել ենք հետեւյալ տրամաբանության մեջ. մենք մշակույթը, մանավանդ այսօր, ընկալում ենք որպես կրթական երեւույթ եւ կրթությունը համարում ենք մշակութային երեւույթ: Մեր պատկերացմամբ, հենց այսպիսի համադրումն է, որ պետք է բերի բովանդակային փոփոխությունների, որովհետեւ հենց այս հարթության մեջ է, ըստ էության, որոշվում, թե մենք ինչպիսի բովանդակություն ենք ուզում ստեղծել մեր երկրում, հանրային հարաբերությունների ինչպիսի մակարդակ ենք ուզում ձեւավորել  եւ հանրային հարաբերությունների ինչպիսի նշաձող ենք սահմանում: Այս առումով, կարծում եմ, որ նախարարությունը պետք է լուրջ աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ցանկալի կերպարը գծագրելու եւ այդ կերպարը հանրային լայն քննարկման արդյունքում իրողություն դարձնելու համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այն գաղափարները, որոնք առաջնային արժեք են ստացել նախորդ տարվա իրադարձություններից հետո, պետք է դառնան իրողություն, ինչը կառավարության ծրագրի կարեւորագույն դրույթներից է:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ ամենասկզբունքային հարցը վերաբերում է հանրակրթությանը: «Երեխաներին ինչ-որ ժամով զբաղեցնում ենք եւ պետք է համոզված լինենք, որ նրանց մատուցում ենք հատկապես այն նյութը, որը համընկնում է մեր ռազմավարական նպատակների հետ: Սա ուղիղ փոխկապակցվածության հետ է հարցի հետ, թե մենք ինչ երկիր, ինչ քաղաքացի ենք պատկերացնում: Այդ ապագա երկրի ճարտարապետությունը պետք է սկսվի ընդհուպ նախակրթարանից: Մենք մեր երկիրը պատկերացնում ենք տեխնոլոգիապես զարգացած, ժողովրդավարական, օրենքի եւ իրավունքի, ոչ բռնի հանրությամբ պետություն եւ այդ ամենը պետք է արտահայտվի նախակրթարանում, դպրոցում, եթե այնտեղ չի արտահայտվում՝ մենք չենք կարող ունենալ այդպիսի երկիր: Կարեւոր է, որ ընդհանուր այս մեծ ճարտարապետության մեջ հասկանանք, որ կրթությունն այդ առումով անկյունաքարային նշանակություն ունի: Եթե, օրինակ, մեր քաղաքական մակարդակում մենք խոսում ենք բռնությունից զերծ հանրության մասին, բայց մեր երեխաներն ապրում են քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո, հասկանալի է, որ մենք այդ խնդիրն ի վերջո չենք կարող լուծել, դա կմնա ընդամենը դեկլարացիա: Եվ այստեղ է, որ կրթության եւ մշակույթի ոլորտները շատ կոնկրետ անելիք ունեն, թե մենք ինչ բովանդակություն, ինչ ուղերձ ենք հղում երեխաներին նախակրթարանում, դպրոցում եւ հետո երբ նրանք երեկոյան հեռուստացույց են միացնում, ինչ են ստանում: Վերջին տարիներին շատ է խոսվում սերիալների եւ դրանց բովանդակության մասին, ընդհուպ շատ արմատական կոչեր եւ առաջարկներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ գործիքը նույնպես մեր պետական նպատակների համար օգտագործել, ու այդտեղ պետք է լինի համագործակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է բացառել քրեական մտածելակերպի գովք եւ քարոզարշավ անելու երեւույթները: Վարչապետի խոսքով՝ դրանք ընդհանրապես պետք է մեր երկրից արմատախիլ անել, որովհետեւ դրանցից բխում են ուրիշ, այդ թվում՝ քաղաքական երեւույթներ:

Անդրադառնալով բարձրագույն կրթությանը՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այս համակարգում առկա է լավ պոտենցիալ, այս ոլորտում պետք է նաեւ կազմակերպչական, բովանդակային որոշակի լուծումների հասնել, որպեսզի բուհերի կերպարը փոխվի: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բարձրագույն կրթության միջազգայնացումը, ինչը կխթանի, որպեսզի բուհերը հասնեն որակական նոր մակարդակի:

Խոսելով գիտության մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ դրա գործնականացումը նույնպես ռազմավարական նշանակություն ունի: «Եվ այս ողջ գործընթացում ակնկալում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սերտ կհամագործակցի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, որովհետեւ այս ամբողջ գործընթացն ի վերջո պետք է կամրջվի կրթության, գիտության եւ գիտությունը որպես տնտեսության խթանման կարեւորագույն գործիք տրանսֆորմացիայի ենթարկելու հետ: Այդ տրանսֆորմացիան տեղի չի ունենա , եթե կրթության նախարարության եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների միջեւ շատ հստակ, ծրագրված, համաքայլ գործողություններ չարվեն: Գիտության կոմիտեն էլ այստեղ իր կոնկրետ գործառույթն ու անելիքն ունի: Դրա մասին մենք, իհարկե, մի քանի անգամ խոսել ենք, այդ թվում՝ Ռազմակական արդյունաբերության հանձնաժողովի նիստերի ժամանակ: Եվ այստեղ իսկապես սկզբունքային նշանակություն ունի 2 նախարարությունների համագործակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով գիտության արդյունքների ներդրումը տնտեսության մեջ եւ տնտեսության պահանջների ձեւակերպումը որպես գիտական խնդիրներ:

Կարեւորելով նաեւ սպորտի բնագավառի զարգացումը՝ վարչապետն ասել է, որ այն առնչվում է մեր ապրելակերպին, պատկերացրած հարաբերություններին: «Այստեղ առաջին հերթին խոսքը գնում է մարդկանց առողջ ապրելակերպի քարոզի, դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասավանդման որակի, եւ ընդհանրապես մեր ֆիզիակական կուլտուրայի ոլորտում վարած քաղաքականության մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարաբերությունների մեջ են սպորտը եւ հանրակրթական դպրոցները, մարզական ենթակառուցվածքները: Մասնավորապես, հարցը հետեւյալն է՝ արդյոք մենք պետք է ունենանք հանրակրթական դպրոցների մարզական ենթակառուցվածքներ, միեւնույն ժամանակ, մարզադպրոցներ: Այժմ այդ մարզական ենթակառուցվածքներն ինչպե՞ս են օգտագործվում, ի՞նչ նպատակներով, ի՞նչ հիմունքներով: Եվ այս հարցի հիմքում մենք կանխավարկած չենք դնում, դա իսկապես շատ լուրջ ուսումնասիրության խնդիր է: Իհարկե, հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի՝ նախարարության եւ մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցն է, կառավարության եւ ֆեդերացիաների հարաբերությունների հարցը. այստեղ էլ մի քանի մոդելների վերաբերյալ առաջարկություններ կան, եւ դրանք պետք է քննարկվեն այնպես, որպեսզի նաեւ կարողանանք սպորտի բնագավառում լավագույն ավանդույթները ոչ միայն շարունակել, այլեւ հաջողություններ ունենալ, որովհետեւ կարծում եմ՝ մեծ սպորտում ունեցած հաջողությունները նաեւ իրենց շատ ուղիղ ազդեցությունն են ունենում ոչ միայն երիտասարդների, պատանիների, այլեւ ընդհանրապես հանրության ընկալումների վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետեւ Արայիկ Հարությունյանն ադրադարձել է իր գլխավորած գերատեսչության առաջիկա անելիքներին: Նախարարի խոսքով՝ հանրակրթության, բարձրագույն կրթության գիտության ոլորտներում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում բովանդակության փոփոխության ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, մշակվում են նոր չափորոշիչներ եւ ծրագրեր, որոնք կլուծեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է վարչապետը: Նախարարը տեղեկացրել է, որ մշակույթի ու սպորտի ոլորտներում մշակվելու են նոր ռազմավարություններ, սահմանվելու այն նշաձողերը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել այդ բնագավառները:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններն ունեին մի կարեւոր առանձնահատկություն, որը բազմիցս քննարկվել է. դա դպրոցականների ակտիվ եւ լայն մասնակցությունն էր քաղաքական գործընթացներին: «Այս ընթացքում շատ եմ մտածել այդ թեմայով: Հասկանալի է, որ մենք դպրոցներում ոչ մի կազմակերպչական աշխատանք չենք կատարել, այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել: Այն, ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել հենց երեխաների նախաձեռնությամբ եւ որոշմամբ: Ինձ համար դա հետաքրքիր երեւույթ էր եւ անընդհատ աշխատել եմ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչն է պատճառը: Իմ եզրակացությունը եղել է այն, որ դա, ըստ էության, երեխաների բունտն էր մեր հանրակրթական համակարգի նկատմամբ: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, երեխաներն ինչո՞ւ պետք է այդպիսի բունտ անեին: Ինձ թվում է՝ այդ բունտի հիմնական պատճառն այն է, ուղղակի երեխաները հասկանում են, որ մեր հանրակրթական համակարգն իրենց չի օժտում բավարար հմտություններով, որ նրանք իրենց երազանքների հետեւից բավարար համարձակությամբ ու վստահությամբ կարողանան առաջ գնալ: Կարծում եմ՝ սա մեր հանրակրթության, գուցե նաեւ ինչ-որ չափով բարձրագույն կրթության ամենամեծ խնդիրն է: Երեխաները կանգնած են անսահման հորիզոնների առաջ՝ տեխնոլոգիաների, տեղեկատվության բերումով, բայց երբ նրանք գալիս են դպրոց՝ ուզում են տեսնել, որ դպրոցն իրենց օժտում է երազանքների հետեւից գնալու բավարար հմտություններով: Եվ մեր հանրակրթության ոլորտի խնդիրը ես կձեւակերպեի հենց այսպես. մենք պետք է օգնենք երեխաներին, որպեսզի նրանք իրենց երազանքներն իրականացնելու հնարավորություն ունենան: Մեր իրականությունն անընդհատ երեխաներին իջեցնում է երկիր եւ՛ կրթական, եւ՛ կազմակերպչական եւ՛ այլ կոմպոնենտներով: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր երեխաներին երկիր չիջեցնենք, այլ թողնենք, որ նրանք ճախրեն իրենց երեւակայության մեջ, երազեն, այդ երազանքների հետեւից գնալու հմտություն ունենան ու այդ ժամանակն օգտագործվի առավելագույնն արդյունավետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բարձրագույն կրթության մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ ամենամեծ խնդիրը հետազոտական կոմպոնենտի երբեմն իսպառ բացակայությունն է: Կառավարության ղեկավարը կարեւորել է բուհերում փորձագիտական ներուժի զարգացումը եւ նշել. «Այս առումով, եկանք այն եզրակացության, որ նաեւ պետական համակարգի արդյունավետության բարձրացման մեջ պետք է սերտ համագործակցություն ունենանք բուհական համակարգի հետ, ընդհուպ պետական մի շարք գործառույթներ պատվիրակելով նրանց: Այդպիսի մոդել կիրառում ենք Ագրարային եւ Տնտեսագիտական համալսարաններում»:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաեւ մշակութային արժեքների, հուշարձանների պահպանությանը, դրանց տնտեսական նշանակությանը եւ այլ հարցերի:

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել