News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լե Բուրժեում անցկացվող Paris Air Show ավիաշոուում վաճառքի առաջին օրը Boeing ընկերությունն իր օդանավերից ոչ մեկի համար պատվեր չի ստացել, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով IBA.iQ քոնսալթինգային ֆիրմային:

Ընդ որում՝ հեռուստաալիքը նշում է, որ Airbus ընկերությունը հենց առաջին օրը վաճառել է 123 օդանավ:

Boeing ընկերության ղեկավար Դենիս Մելենբերգը հայտարարել է, որ այս ավիաշոուուին մասնակցելու իրենց նպատակը ոչ թե վաճառքն էր, այլ ընկերությանը ընձեռված հնարավորությունը՝ հաճախորդներին եւ մատակարարներին հավաստիացնելու, որ Boeing-ը հաջողություններ ունի թռիչքներից հեռացված իր օդանավերը օդ վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 Max 8 օդանավը, որն իրականացնում էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, Եթովպիայի մայրաքաղաքից 60 կմ արեւելք օդում աղետի էր ենթարկվել: Ավիաաղետի հետեւանքով մահացել էր 157 մարդ, որոնց թվում 35 երկրի քաղաքացիներ էին եղել:

Այս աղետը կես տարում այդ տեսակի օդանավի երկրորդ վթարն էր. 2018-ի հոկտեմբերի վերջին Lion Air ինդոնեզիական ավիաընկերության նույնպիսի մեկ այլ «Բոինգ» ընկել էր Ճավայի ծովը Ջակարտայի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Զոհվել էր օդանավում եղած 189 մարդ:

Երկու ավիաաղետների դեպքում MCAS համակարգը օդանավերի քթամասն ուղղել էր ցած, չնայած օդաչուները աշխատել էին վերականգնել օդանավի կառավարումը:

Եթովպիայում աղետից անմիջապես հետո շատ երկրներ դադարեցրել էին Boeing 737 Max-ի թռիչքները: Դրանից հետո Boeing-ը ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը խորհուրդ էր տվել ամբողջ աշխարհում դադարեցնել այդ հավաքածուի բոլոր օդանավերի թռիչքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ