News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի համար այս տարին դժվարին էր, ինչը կապված էր 2018 թվականի վերջին ստեղծված մտահոգող իրավիճակի հետ: Այս մասին  հունիսի 18-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովի ժամանակ ասաց Հայաստանի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական տարածքային մարմնի նախագահ Պետրոս Թերզյանի, ինչպես նաեւ նոր տնօրենի գլխավորությամբ ղեկավարության ջանքերով աշխատակիցներին հաջողվել է տեղերում լուծել դրված մի շարք խնդիրներ:

Նախագահը հավելեց, որ Հիմնադրամն իր գործունեության 25 տարում դարձել է Ղարաբաղում զարգացման եւ շինարարության գլխավոր դոնորը՝ կատարելով նաեւ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի միավորման ջանքերի իր գործառույթը:

Նա շեշտեց, որ Հիմնադրամն իր գործառույթը XX դարում կատարելով, XXI դարում պետք է կարողանա հարմարվել նոր պայմաններին: «Պետք է կիրառել նոր մոտեցումներ ծրագրերի, գործունեության հոգեբանության, կազմակերպության Կանոնադրության նկատմամբ: Փոփոխություններից վախենալու հարկ չկա՝ հաշվի առնելով նաեւ այն, թե XXI դարում ամեն ինչ որքան արագ է փոփոխվում: Անհրաժեշտ է առաջ շարժվել եւ փոխել մարդկանց գիտակցությունը, որպեսզի Հիմնադրամի գործունեությունը ընկալվի ոչ թե պարզապես դրամական հանգանակություն, այլ որպես ժողովրդի նույնականացման եւ միավորման գործընթաց»,- նշեց նա:

Արմեն Սարգսյանը գոհունակություն հայտնեց գործունեության արդյունքներով: 2018 թվականին Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտներում մոտ 100 ծրագիր, իսկ վստահության աճի մասին է վկայում այն փաստը, որ նախորդի համեմատությամբ հեռուստամարաթոնի մասնակիցների թիվը 20 տոկոսով մեծացել է:

Նա շեշտեց, որ Հիմնադրամի նոր ղեկավարության գործունեությունը պետք է դառնա ավելի ճկուն, իսկ աշխատակիցների ներգրավվածությունը՝ ավելի ինտենսիվ եւ առարկայական: «Հիմնադրամի գործունեության գլխավոր գաղափարը պետք է դառնա գլոբալիզացիայի պայմաններում նույնականության պահպանման խնդիրը: Այս տեսակետից պետք է մեծանա համայնքների եւ տեղական մասնաճյուղերի դերը»,- եզրափակեց Հայաստանի նախագահը:

Նշենք, որ հունիսի 18-ին Երեւանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ