News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր տարր է պարունակում Ձեր իսկ հայտարարությունն այն մասին, որ ՍԴ անդամի ընտրությունները քաղաքական են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քննարկման ընթացքում հունիսի 18-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով այդ պաշտոնի թեկնածու Վահե Գրիգորյանին։

«Դուք ցանկանում եք ստեղծել անցումային արդարադատություն, ձեր ամբողջ նպատակն այն է, որպեսզի դատարաններն անկախ դարձնեք։ Եվ ինչպե՞ս եք այդ ցանկության ֆոնին պատկերացնում, որպեսզի Սահմանադրական դատարանը ձեւավորվի քաղաքական սկզբունքով։ Եթե Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք կամ մեկ ուրիշը, ընտրվում է քաղաքական մոտիվներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»,- զայրացել է Պետրոսյանը։

Պատգամավորը նաեւ դիմել է Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ներկա իշխանության շատ ներկայացուցիչների հետ ընկերացել է ոչ թե «խաշի կամ խորովածի սեղանի շուրջ», այլ բանտերում։ «Դուք ասում եք, որ ծանոթացել եք բանտում, օգնել եք միմյանց։ Լսեք, իսկ եթե բանտային պայմաններում օգնած մարդը դիմի Ձեզ, օգնություն խնդրի, Դուք, ինչ է, կմոռանա՞ք բանտային օրերի հուշերը եւ օբյեկտի՞վ կլինեք»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։

Պատգամավորը նշել է, որ ՍԴ դատավորի նախկին երկու թեկնածուները, որոնց ընտրությունը տապալվել է կառավարող խորհրդարանական մեծամասնության կողմից, մի «վատ» գիծ ունեին՝ նրանք բանտում ընկերություն չեն արել իշխանությունների հետ։ «Շատ անհաջող հումոր է, հարգելի պարոն Գրիգորյան։ Ի՞նչ է նշանակում Սահմանադրություն, դա երեխա է, որը ծնվել է բռնաբարության արդյունքո՞ւմ։ Ես հիմա չեմ ուզում հարցնել Ձեզ՝ ո՞վ էր բռնաբարողը, ո՞վ զոհը։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ եք Դուք հայտնվել բռնաբարությունից ծնված երեխայի ուսերին եւ ցանկանում եք այդ ճանապարհով հայտնվել Սահմանադրական դատարանում»,- հարցրել է Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով Գրիգորյանին։

Պատգամավորը Վահե Գրիգորյանին հիշեցրել է նաեւ նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, ինչո՞ւ եք դուք այստեղ։ Ի՞նչ է, անելու բան չունե՞ք, եկել ու զբաղվում եք ինքնազմայլմամբ։ Եթե որեւէ սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, իմ կարծիքով, բարոյական չէ առաջադրվել այդ սուբյեկտի կողմից եւ ամեն գնով հավակնել զբաղեցնելու Սահմանադրական դատարանի հաստիքային միավորը»,- դժգոհել է Գեւրոգ Պետրոսյանը։

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ եւ քվեարկելու են իրենց սեփական հայեցողությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ