News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանի Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Միացյալ նահանգների մայրաքաղաքում հունիսի 20-ին նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Ողբերգական վթար է տեղի ունեցել Արցախում։ Ստեփանակարտ-Ասկերան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 25-ամյա Արայիկ Բալասանյանը։ Արայիկը Ստեփանակերտից էր։

Ազգային ժողովն այսօր մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց։ Վահե Գրիգորյանի թեկնածությունը բուռն քննարկումների թեմա էր երկար ժամանակ, ընդդիմությունը «Իմ քայլին» մեղադրում էր նախորդ բոլոր թեկնածուների քվեարկությունը նպատակային տապալելու մեջ, որպեսզի ճանապարհ հարթեն Վահե Գրիգորյանի համար։ Իրավաբաններն էլ կասկածի տակ էին դնում Արմեն Սարգսյանի կողմից երկրորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրելու օրինականությունը։ Մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր երկու ուժերի ներկայացուցիչները հանդես եկան քննադատող ելույթներով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը հարց ուղղեց թեկնածուին, թե ինչպես է նա հաջողացրել միաժամանակ եւ ծառայել բանակում, եւ աշխատել դատախազությունում։ Վահե Գրիգորյանը պատասխանեց՝ հրաման է կատարել։

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը նույնպես սուր էր, նա կարծիք հայտնեց, որ չի կարող քաղաքական որոշմամբ Սահմանադրական դատարանի անդամ դարձած դատավորը օբյեկտիվ եւ անաչառ արդարադատություն իրականացնել։

Այնուամենայնիվ, երկու խմբակցություններն էլ հայտարարեցին, որ կողմ կամ դեմ քվեարկելու որոշում չկա, լինելու է ազատ քվեարկություն։ Իմ քայլից հնչեցին գովերգող ելույթներ, իսկ Գայանե Աբրահամյանը հուզվեց թեկնածուին գովելիս։

Ի տարբերություն նախորդ անգամների, երբ թեկնածուներին հարցախեղդ էին անում, «Իմ քայլի» պատգամավորները այս թեկնածուին գրեթե հարց չուղղեցին, ավելի ուշ Արարատ Միրզոյանը սա բացատրեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները թեկնածուին շատ լավ են ճանաչում։

Նշենք, որ ամբողջ ընթացքում Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Վահե Գրիգորյանի թեկնածության։ Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրն է եւ դատավոր է դառնում ՔՊ-ի կուսակցական որոշմամբ, ինչը գրպանային արդարադատություն ձեւավորելու՝ իշխանության նախաձեռնությունն է։ Նրանք ԲՀԿ-ին եւ Լուսավոր Հայաստանին կոչ էին անում բոյկոտել քվեարկությունը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանի թեկնածությունը ընդունվեց 99 կողմ, 22 դեմ ձայներով։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ նախկին լրագրող, 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը։ Նա փոխարինելու է Նարինե Թուխիկյանին, որը նշանակվել է Հայաստանի ամենաերկար անունն ունեցող ՝ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության փոխնախարար։

Գագիկ Ծառուկյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում քննչական կոմիտեի ծանուցագիրը պատռելու մեջ։ Նա շարունակում է վիրավորական համարել իրեն ծանուցագիր ուղարկելու որոշումն ընդհանրապես։

Նշենք, որ քննչական կոմիտեն Ծառուկյանին ծանուցում էր ուղարկել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություների նախաշեմին «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի մեքենան եւ տունը հրկիզելու փաստով հարուցված քրեական գործը շինծու է եւ սարքած։ Պատգամավորին երկրորդ անգամ են ծանուցում ուղարկել։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքի քննությունն այսօր անցավ լարված մթնոլորտում։ Դատավորը երկրորդ անգամ որոշում կայացրեց մերժել իր դեմ  ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Դրանից հետո շուրջ մեկ ժամ նա կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր էր քննարկում՝ պաշտպաններին թույլ չտալով հայտնել իրենց դիրքորոշումը, ինչի արդյունքում պաշտպանները վիճաբանության մեջ մտան նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի հետ։

Դատարանն այսօր հասցրեց ընթերցել միայն տուժող կողմի եւ դատախազության բողոքները եւ դրա դեմ պաշտպանական կողմի ներկայացրած առարկությունները։ Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց վաղը առավոտյան ։

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում բողոքի երկու ակցիա էր ընթանում իշխանության եւ Քոչարյանի աջակիցների մասնակցությամբ։ Կրքերը թեժացան, ակցիայի որոշ մասնակիցներ փորձեցին մտնել դատարան, ոստիկանները թույլ չտվեցին, ինչի հետեւանքով բախումներ տեղի ունեցան նրանց եւ ակցիայի մասնակիցների մեջեւ։

Ցուցարարներն ինչ-որ պահի փորձեցին փակել Գարեգին Նժդեհ փողոցը, ոստիկանները կանխեցին, ակցայի մասնակիցներից մի քանիսին տարան ոստիկանության մոտակա բաժին, ինչից հետո իշխանության կողմանակիցները փորձեցին փակել ոստիկանության մուտքը՝ պահանջելով ցուցարարներին բաց թողնել։ Լարվածությունը որոշ ժամանակ պահպանվեց, մինչեւ շենքից դուրս եկան բոլոր ցուցարարները։

Ի դեպ, նախօրեին Քոչարյանն իր ընտանիքի անդամների հետ ընթրել էր Երեւանի բացօթյա սրճարաններից մեկում։ Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Այվազյանը լուսանկար էր հրապարակել սոցիալական ցանցում հետեւյալ գրառմամբ․ «Ռոբերտ Քոչարյանին տեսա Երեւանի սրճարաններից մեկում ընտանիքի հետ ընթրելիս։ Անցորդները լուսանկարվում էին, զրուցում»։

Չեխիայի արդարադատության նախարարը համաձայնություն չի տվել Սերժ Սարգսյանի եղբորոդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Նարեկի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։

Անցած տարվա դեկտեմբերին Պրահայում ձերբակալված՝ Ֆրանկլին Գոնսալես անունով, կեղծ անձնագրով, Գվատեմալայի քաղաքացի ներկայացած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու որոշումը, ըստ օրենսդրության, պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարությունը։ Հայաստանի իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնական տեղեկություն չեն հաղորդում գործի ընթացքի վերաբերյալ։ Հայկ Սարգսյանը խոսել է նաեւ հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին, հայտնելով, որ նա այս պահին բուժման նպատակով գտնվում է արտերկրում։ Նրա երկու որդիներն էլ որպես մեղադրյալ անցնում են քրեական գործերով։ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք պահելու եւ ապօրինի թմրանյութեր շրջանառելու, իսկ Հայկ Սարգսյանը՝ 11 տարի առաջ սպանության փորձ կատարելու մեջ, նրա գործով դատավարությունը Հայաստանում դեռ ընթանում է։

Կահիրեում այսօր հողին են հանձնել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին։ 67-ամյա Մուրսին հանկարծամահ էր եղել նախօրեին դատարանի դահլիճում, որտեղ ընթանում էր լրտեսության գործով դատավարությունը, որով Մուրսին ընդգրկած էր որպես գլխավոր մեղադրյալ։ Մուրսին, որպես «Մուսուլման եղբայրների» նախաձեռնած հեղափոխության առաջնորդ, իշխանության էր եկել 2012 թվականին՝ տապալելով Մուբարաքի երկարամյա իշխանությունը։ Մեկ տարի անց, սակայն, նա հեռացվել էր իշխանությունից եւ մեղադրվում էր հեղափոխության օրերին ոստիկանների սպանության եւ անկարգություններ հրահրելու մեջ։

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Վիսենտե Դել Բոսկեն Երեւանում է։ Լեգենդար իսպանացի մասնագետը ՀՖՖ-ի հրավերով ժամանել է իր մեծ փորձը հայ մարզիչներին փոխանցելու նպատակով։

Դել Բոսկեի գլխավորությամբ (2008-2016) Իսպանիայի հավաքականը դարձել է 2010թ․ աշխարհի, 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։ Մադրիդի «Ռեալը» Դել Բոսկեի ղեկավարությամբ (1994, 1996, 1999-2003) հռչակվել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթակիր։

Մամուլը հեղեղված է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի արարողության լուսանկարներով։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պսակադրությունից հետո զույգը մոտորանավակով շրջել էր Վենետիկի հռչակավոր «Գրանդ կանալով» եւ տեսախցիկների առջեւ համբուրվել։ Տարածվել են նաեւ կադրեր հարսանեկան արարողությունից, այդ թվում՝ Հենոյի եւ Բեթիի հարսանեկան պարը։ Կադրերից երեւում է, որ Արսենալի կիսապաշտպանի եւ գործարար Հրանտ Վարդանյանի թոռան հարսանիքին երգում է աշխարհահռչակ երաժիշտ ԱլԲանոն։

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել։ Ամերիկյան տարադրամն այսօր կազմել է 477, եվրոն՝ 534, ֆունտը՝ 598, իսկ ռուսական ռուբլին՝ 7․43 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում հունիսի 19-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ։ Երեւանում նույնպես սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18-ից +20, վաղը կեսօրին +33-ից +35 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ