News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարզային այցելությունները ճանաչողական-կիրառական նշանակություն ունեն մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչպես է պետք փոխել մեր ծրագրերն ու քաղաքականությունը, որպեսզի դրանք համարժեք լինեն մարզերում արձանագրված խնդիրներին եւ ծառայեն մարդկանց տարբեր խմբերին։ Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Մարտունիում՝ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, իրենց նպատակն է նաեւ նախարարության հիմնական օրակարգի եւ քաղաքականության վերաբերյալ իրազեկումը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը կարեւորել է գենդերային ռազմավարության մի շարք գերակայություններ, որոնք ուղղված են խտրականության բացառմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման քաղաքականությանը, ընտանեկան եւ աշխատանքային պարտականությունների համատեղմանը, ինչպես նաեւ կրթության ու գիտության ոլորտում կանանց ներգրավվածության եւ առաջխաղացման ավելի մեծ հնարավորությունների ընձեռնմանը։

«Գերակայություններից հաջորդը՝ առողջապահական համակարգի բարելավումն է, որը պետք է հնարավոր դարձնի կանանց առողջության պահպանման ավելի արդյունավետ քաղաքականությունը՝  ոչ միայն վերարտադրողական առողջության, այլեւ՝ ընդհանրապես, բժշկական ծառայությունների հասանելիության եւ սեփական առողջությանը հետեւելու մշակույթի տարածման տեսանկյունից։ Մենք կարեւորում ենք նաեւ կանանց դերի բարձրացումը կառավարման ոլորտում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարել սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի՝ հատկապես կանանց մասնագիտական վերապատրաստումների եւ զբաղվածության հարցի կարգավորումը, ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծումը, համայնքային զարգացման կենտրոնների հիմնումը, բարձրակարգ բուժսպասարկում իրականացնող հիվանդանոցների առկայությունը։

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նաեւ էական է համարել ընտանեկան բռնության երեւույթի կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համալիր աջակցության տրամադրման ապահովումը։

Նա տեղեկացրել է, որ այս նպատակով հանրապետության բոլոր մարզերում նախատեսվում է ունենալ առանձնացված աջակցության կենտրոններ․«Առաջին փուլում նախատեսում ենք զարգացնել կարողությունները մարզերում, ապա իրականացնել մրցույթներ, եւ այս աջակցության տրամադրումը պատվիրակել հասարակական կազմակերպություններին: 2020թ. հունվարից կգործի նաեւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունը՝ (ամսական մինչեւ 150.000 դրամ), որը նախատեսված է օգնելու անձին տվյալ իրավիճակը հաղթահարելու, նոր հմտություններ ու կարողություններ ձեռքբերելու՝ հետագայում սեփական կարիքները հոգալու համար»։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը նշել է, որ մարզում առկա խնդիրները կներկայացվեն նաեւ շահագրգիռ մյուս գերատեսչություններին եւ համատեղ  քաղաքականության մշակմամբ հնարավոր կլինի արդյունավետ ծրագրեր իրագործել:

Տպել
Ամենաշատ