News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ (Terens-Nikolaos Quick):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով միմյանց՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը եւ Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը գերազանց գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարեւորելով երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում եւս արդյունավետ համագործակցության ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծեցին ս.թ. հունիսի 4-ին կայացած Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ նախարարական հանդիպման արդյունքները՝ նշելով, որ այն նոր՝ ավելի բարձր մակարդակի համագործակցության հնարավորություններ է ընձեռում մասնակից երկրների համար: Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարար Քուիքին՝ որպես Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության առաջամարտիկի, ով կանգնած է սփյուռքի բնագավառում դրա ձեւավորման ակունքներում:

Անդրադարձ կատարվեց այդ ոլորտում երեք բարեկամ երկրների համագործակցության ձեւաչափի վերականգնման եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Նույն օրը տեղի ունեցավ Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ անձնակազմի, վարչարարության կազմակերպման եւ ֆինանսական կառավարման գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Դիոնիսսիոս Զոիսի (Dyonissios Zois) հետ: Կողմերն անդրադարձան փորձի փոխանակման եւ արդյունավետ կառավարման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերին:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցավ նաեւ Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Կոնստանտինա Աթանասիադուի (Konstantina Athanasiadou) հետ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-հունական քաղաքական համագործակցության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլերով եւ կոնկրետ ծրագրերով նպաստել ոլորտային համագործակցության զարգացմանը: Ընդգծվեց նաեւ տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների եւ դրա հերթական՝ 6-րդ նիստի կազմակերպման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ