ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆրի Հարիգյանն իսկապես հայկական արմատներ ունի, իսկ հայրական կողմից նրա տատն ու պապը ԱՄՆ են մեկնել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է գեներալը:
«Իմ տատն ու պապը հայրական կողմից ծնունդով Հայաստանից են, Երեւանից: Նրանք անցնելով ԱՄՆ Էլլիս կղզին բնակություն են հաստատել Չիկագոյում»,- պատմել է գեներալը, որը վերջերս նշանակվել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ օդուժի ղեկավարի պաշտոնում:
Գեներալ Հարիգյանը հավելել է, որ իր տատն ու պապը հայերեն են խոսում: Հարցին, թե ինչ գիտի հայկական ավանդույթների եւ խոհանոցի մասին, նա պատասխանել է.
«Ես մեծացել եմ հայկական կերակուրներով եւ գրեթե ամեն հանգստյան օր անցկացրել եմ հորս ծնողների տանը»:
Հարիգյանը ռազմական օդաչու է, 1985 թվականին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ Ակադեմիան:
Նա ավելի քան 4100 ժամ թռիչք է իրականացրել F-22 եւ F-15C ինքնաթիռներով: Գեներալը նաեւ նշել է, որ ինքն ընտանիքում առաջին զինվորականը չէ.
«Մորեղբայրս ծառայել է բանակում, իսկ մորս հայրը՝ նավատորմում»:
Հարիգյանն ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի պաշտոնը, ղեկավարել է Աֆղանստանում թալիբների եւ Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ օդային արշավը: