News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 14 տարում առաջին անգամ պատմական պետական այցով Հյուսիսային Կորեա է ժամանել, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականը նշում է, որ նախկինում 2 երկրները «սառը պատերազմի» վիճակում էին, որը հարուցել էին Փհենյանի միջուկային սադրանքները եւ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին Չինաստանի մշտական աջակցությունը:

Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայում կլինի երկօրյա պետական այցով: Չինաստանի առաջնորդը Փհենյան է ժամանել տիկնոջ՝ Պեն Լիյուանի, ԱԳ նախարար Վան Իի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Նշվում է, որ չինացի առաջնորդի այցի առիթով Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում կախված են չինական դրոշներ՝ հյուսիսկորեական խորհրդանիշների հետ միասին:

Սի Ցզինպինը Փհենյանում կայցելի նաեւ Բարեկամության աշտարակ, որը Կորեական պատերազմի ժամանակ Հյուսիսին պարտությունից փրկած չինական զորքերի հուշակոթողն է:

Սի Ցզինպինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը աշխատում են կապերի վերականգնման շուրջ. Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել արդեն 4 անգամ:

Վերլուծաբանների կարծիքով՝ չինացի առաջնորդը սպասում էր մինչեւ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ վարվող բանակցությունները կկորցնեին իրենց նշանակությունը եւ միայն դրանից հետո է կատարել իր այցը:

Հյուսիսկորեացի վերլուծաբան Լիմ Յուլ-Չուլի կարծիքով՝ այս ուղեւորությունը Չինաստանին հնարավորություն է ընձեռում ցույց տալու տարածաշրջանում իր ազդեցությունը: Ինչն վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա, վերլուծաբանի կարծիքով, այս երկիրը ցանկանում է ԱՄՆ-ին ցուցադրել, որ վայելում է Չինաստանի աջակցությունը, եւ Վաշինգտոնին ակնարկել, որ պետք է դադարեցնի իր առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ոչ մի համաձայնագիր չի կնքվել, իսկ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցությունները անցյալ ամիս փակուղի են մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ