News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Փաստաբան Վահե Գրիգորյանը, որն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր, հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում ելույթ է ունեցել եւ երդվել պատգամավորների առջեւ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Վահե Գրիգորյանի ելույթը իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների բուռն ծափողջույններով ընդունվեց:

Նա, իր ելույթում մասնավորապես, նշեց.

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը այսօր երդմամբ ստանձնելը։ Սա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։

Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դուք բոլորդ գիտեք, այդ ամենը բաց ու թափանցիկ է եղել, տեւել է շուրջ մեկ տարի։ Շուրջ մեկ տարի առաջ երբ ես կայացնում էի այդ որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին, հավակնել այդ պաշտոնին, ի վերջո՝ ընտրվել ու ստանձնել այդ պաշտոնը, բոլոր հանգամանքներով հանդերձ, պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության եւ անցումային դրույթների գործողությանտիրույթում։ Սա իշխանական մարմիններից միակն է, որ դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ:

Այս անցումային տրամաբանության մեջ Սահմանադրական դատարանը իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնություններով մտադիր եմ սկզբում քննարկել իմ գործընկերների՝ Սահմանադրական դատարանի անդամների ու դատավորի հետ, այնուհետեւ՝ նրանց հետ համատեղ, ծայրահեղ կառուցողական, հուսով եմ՝ փոխադարձ ըմբռնմամբ եւ իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման եւ հանրության առջեւ հանդես գալ այդ լուծմամբ։ Այսօր այս երդումը տալով, դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը, դուք չեք սխալվում լսելով այն, ինչ ես ասում եմ, ես դառնալու եմ երկրորդ դատավորը։

Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարանի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։

Այս բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, եւ ես հուսով եմ՝ մենք տալու ենք սրանց պատասխանը։ Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։

Խնդիրները լուծումներ ունենում են։ Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։

ՍԴ դատավորի երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձեւաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ։

Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, եւ հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի ու իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում, որեւէ ինչ տեղի ունենալիս ես պիտի խնդրեմ, իսկ ՍԴ դատավորի երդումը տալիս պիտի պահանջեմ, որպեսզի իսպառ բացառվեն Սահմանադրական դատարանի անդամների կամ ՍԴ աշխատակազմի որեւէ ներկայացուցչի նկատմամբ որեւէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսեւորումները իրականացվեն «Հանրահավաքների մասին» օրենքի տառին համապատասխան:

Բացի այդ, ես ցանկանում եմ, որ դուք եւ ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ ՍԴ դատավորի երդման տեքստը շատ հակիրճ է եւ ես չեմ կարողանալու աչրտահայտել այն, ինչ նկատի եմ ունենալու այդ երդմամբ: բայց կա մի հատված, որ ես հատկապես ուզում եմ ընդգծել, որտեղ ասվում է, որ «ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ», ես ուզում եմ, որ իմանաք, որ երբ կարտաբերեմ այս բառերը, ես նկատի եմ ունենալու, որ իմ երդումը ես տալիս եմ բացառապես հայ ժողովրդին: Սա ոչ թե լիրիկական զեղում է, այլ շատ հստակ սահմանադրաիրավական նկատառումներով կատարվող ծանուցում է:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին, իսկ Հայաստանում սահմանադիրը հայ ժողովուրդն է, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ»,-ասաց Վահե Գրիգորյանը:

Նա նաեւ ասաց, որ ՍԴ դատավորի պաշտոնում երդումը տալուց հետո Ազգային ժողովի դահլիճում է թողնելու իր նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք որպես փաստաբան ունեցել է իր ընկերների, վստահորդների հետ։

«Ինձ հեռացված եմ համարելու իմ բոլոր նախկին շահերից։ Ես այդ պաշտոնում ունենալու եմ միայն մեկ նպատակ, որը արձանագրված է իմ երդման տեքստում։ Հուսով եմ՝ ՍԴ իմ պատկերացրած տեսլականը իրականություն դարձնել, եթե դրա շուրջ համախոհություն կլինի ՍԴ դատավորների մեծամասնության հետ:

Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի եւ մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ՝

Ապահովել Սահամանդրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը», - հայտարարեց Վահե Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ