News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հարցը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց համար ընդունելի է նախագծով առաջարկվող դրույթները:

«Խոսքը դեսպանների նշանակման կարգի մասին է: Մասնավորապես, առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպանների դեպքում որպես պարտադիր նախապայման առաջարկվում է 15 տարվ աշխատանքային ստաժ: Մենք առաջարկում ենք 10 տարի: Բացի այդ, քաղաքական նշանակումների դեպքում ԱԺ-ին իրավունք է վերապահվում տալ խորհրդակցական կարծիք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պրակտիկայում տեղի ունենում այդ գործընթացը. «Եկեք պատկերացնենք, գաղտնիության ռեժիմում ԱԳՆ-ն տալիս է առաջարկ, վարչապետը գաղտնիության ռեժիմում համաձայնություն է տալիս: Հետո դիմում են հավատարմագրող կողմին, հետո համաձայնությունը գալիս է, հետո ի՞նչ է տեղի ունենում: Ո՞ր փուլում է ԱԺ հանձնաժողովը տեղյակ լինում: Ստացվում է, որ վարչապետը իր մտադրության մասին պետք է տեղյակ պահի հանձնաժողովին»,-ասաց վարչապետը հավելելով, որ 10 տարի ստաժ ունեցող անձին դեսպան նշանակելիս եւս կարող են հարցեր ծագել:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց. «Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը մենք հնարավորություն ենք տալիս կառավարությանը 7-8 քաղաքական նշանակում կատարել»:

Սրան արձագանքեց Փաշինյանը. «Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք: Տպավորություն է, որ պետք է ասենք շնորհակալություն, որ կառավարությանը այդ հնարավորությունը տալիս եք»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ ստացվում է այնպես, որ եթե ասենք մարդը ԵԽԽՎ-ում 15 տարի եղել է հայկական պատվիրակության անդամ, նրան ասում ենք՝ պետք է գնաս ԱԺ հանձնաժողովը կարծիք տա քո մասին, իսկ մեկը, որ 10 տարի աշխատել է որեւէ դեսպանությանում օրինակ, որպես կցորդ, իր դեպքում ասում ենք՝ հանձնաժողովը քեզ հարցեր չունի: Այսինքն այստեղ խտրական մոտեցում կա, ինչն անթույլատրելի է: Եթե անցնում ենք խորհրդարանական ֆիլտրով, ուրեմն բոլորն են անցնում, թե չէ ստացվում է, որ ի սկզբանե դեսպաններին բաժանում ենք երկու սորտի»:

Ի վերջո, որոշվեց, որ հարցը եւս մեկ անգամ պետք է քննարկվի, թեեւ որոշումն ընդունվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ