News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրի համատեքստում ինչ-որ քաոտիկ, անհասկանալի վիճակ է՝ անհասկանալի ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է փորձ հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից այլ տեղերում էլ քննարկման առարկա դարձնել. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան համաժողովի հետ ձեռք էր բերում պայմանավորվածություններ՝ հարցն այնտեղ քննարկելու նպատակով։ Ինչի՞ համար, ի՞նչ ակնկալելով, ի՞նչ նպատակով, միայն Աստված գիտի եւ ինքըն, բայց ինքը չբացատրեց։ Ուրիշ հարց, որ դա տեղի չունեցավ, բայց միտումը բավականին հետաքրքիր էր»,-նշեց նա։

Բանախոսը շեշտեց՝ երկար տարիներ Ադրբեջանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ ընդհանրապես խնդիրը պետք է լուծվի հանրաքվեով մաբողջ Ադրբեջանի տարածքում, իսկ այժմ երբ հայկական կողմը հայտարարում է լուծումը պետք է լինի ընդունելի 3 կողմերի համար, այդ շանսը նրան տրվել է։  

Սադրիչ պատերազմի մասին հայտարարությունը վերլուծաբանը եւս վտանգավոր է համարում․ «Երբ դու հայտարարում ես, որ տեսնում ես ուժեր, որոնք կարող են հրահրել պատերազմ, դու ուղղակիորեն քարտ-բլանշ ես տալիս Ադրբեջանին՝ ցանկացած սրացման, էսկալացիայի ժամանակ ասել՝ նախաձեռնությունը եղել է դիմացի կողմից»։

Բեքարյանը շեշտեց՝ հայ-ռուսական հարաբերություններն այս վերջին ժամանակահատվածի համար ունեցան այնպիսի դղրդյուններ, որոնք կբավարարեին մի 40 տարի։ «Ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի հետ կապված գործընթացով։ Սա կազմակերպության իմիջին մեծ հարված էր, ինչով ուզում ես բացատրի, բայց գործողություն կատարելու համար էլ կա էթիկայի նորմեր։ Ուզենայիր ավելի վատ անել, չէր ստացվի։ Այսինքն տպավորություն է, որ դա արվում է դիմացինին հունից հանելու համար»։

Վերլուծաբանը նաեւ նկատում է՝ չենք կարող ասել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ուղղությունն է անամպ։  Համեմատման համար նա առաջարկում է համադրել ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները․ «Այս ամենը՝ այն պարագայում, երբ որ ընդհանրապես անվտանգային միջավայրը մեր շուրջ բավականին խոցելի է։ Բավական է նայել միայն ամենօրյա սրացումներն ԱՄՆ-Իրան համատեքստում»։

Բեքարյանը նաեւ չի տեսնում հեղափոխության կապիտալիզացիան Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում․ «Վիզաների ազատականացման բանակցությունների ստարտ չկա, վերջին փաստաթղթով նորից, որը մի քանի անգամ չկար, խոսվում է դյուրացման հերթական էտապի մասին։ Սա նշանակում է, որ ազատականացումը հետ է մղվում առնվազն անորոշ ժամանակով»։

Բացի այդ, վերլուծաբանը ընդգծում է՝ եվրոպական ուղղությամբ մեծագույն բլեֆը՝ անցումային արդարադատություն, վեթինգ, եւ իբր թե եվրոպական համայնքի լիակատար աջակցությունն է այդ հարցերում․ «Աննկարագրելի բլեֆ է, որովհետեւ Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ են, ինչը եղել է միշտ, նպաստելու եւ օգնելու Հայաստանին իր դատաիրավական ռեֆորմների մեջ՝ իր իսկ ընդունած ռազմավարությունների շրջանակներում, բայց որեւէ կերպ չհակասող ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Պատահական չէ, որ եվրոպական երկու ուղղությունից էլ որեւէ փաստաթղթում վեթինգի, անցումային արդարադատության անուն չեք տեսնի»։

Տպել
Ամենաշատ