Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարելի է ներառել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացի ակտիվում: Այս մասին հունիսի 21-ին «Կովկաս-2018» գիտաժողովի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ այս հանդիպումը թույլ է տվել համաձայնության գալ միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում: Փորձագետը նշեց, որ 2018 թվականին գրանցվել են բվավականին շատ հանդիպումներ՝ ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջեւ: «2018-ը շփման գծում անդորրի տարի էր: Սակայն այդ անդորրը չպետք է բացարձականացնել, քանի որ դա փոխհատուցվել է Նախիջեւանում վտանգավոր միտումներով: Ադրբեջանի հայտարարությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, այն մասին, որ ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք, ներկայացվում է որպես 2016 թվականից հետո երկրորդ հաջողություն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են սահմաններին խաղաղություն պահպանելու շուրջ, ինչպես նաեւ երկխոսությանը եւ բանակցություններին հանձնառու մնալու մասին: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ կողմերի երրորդ կարեւոր որոշումն էր նրանց միջեւ օպերատիվ կապի ստեղծումը: