News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Թող այն քաղաքացիները, եթե այդպիսիք կան, չփորձեն ՀՀ-ում օրենքից դուրս որեւէ գործողություններ անել, կամ փորձեն ինքնահաստատվել: Նրանք կարժանանան ոստիկանության շատ կոշտ հակահարվածի՝ օրենքի սահմաններում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Ադեկվադ» շարժման անդամների սեւազգեստների խումբը ակցիաներ է անում եւ ոստիկանությունն առանց պատճառի նրանց բերման է ենթարկում, եւ կա տեսակետ, որ ոստիկանությունը փորձում է նրանց արհեստականորեն հայտնի դարձնել, Օսիպյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ում մասին է խոսքը: Չեմ կարծում, որ դա կապված է նրանց սեւ հագուստ կրելու հետ: Հենց այնպես բերման չեն ենթարկում, դա իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով եւ ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում:

Ենթադրյալ հանցագործություն կատարողին կամ իրավախախտում կատարողին բերման ենթարկելով նրան հանրաճանաչելի՞ ենք դարձնում: Ձեր ասածից դուրս է գալիս, որ որեւէ մեկին չպե՞տք է բերման ենթարկենք: Բերման ենք ենթարկել, բերման ենք ենթարկելու նրանց, որոնք փորձեն կարգ խախտել ՀՀ-ում, էլ չեմ ասում հանցագործություն կատարելու համար»:

Հարցին, թե այս ընթացքում քանի սեւազգեստ մարդ են բերման ենթարկել, ոստիկանապետը նշեց. «Բերման ենթարկելը կամ հասարակական կարգը պահպանելը կապված չէ հագուստի գույնի հետ: Մենք առաջնորդվում ենք օրենքով եւ բացառապես օրենքով են բերման ենթարկվում: Թիվը չեմ կարող ասել:

Ոստիկանության գործառույթը միայն այն չէ, որ նկատենք ու կարգի հրավիրենք: Ոստիկանությունն ունի կանխարգելիչ աշխատանք իրականացնելու գործառույթ, որը այս շրջանում եւ մշտապես իրականացնում ենք»:

Տպել
Ամենաշատ