News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼԳԲՏ ակտիվիստները որոշել են տեղափոխել հունիսի 23-ին պլանավորվող «Արժանապատվության քայլերթը» Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով: Այդ մասին ասվում է Tbilisi Pride-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը մեկնարկել էր Վրաստանում հունիսի 18-ին: Սոցիալական միջոցառումները կազմակերպվել են Tbilisi Pride-ի կողմից: Ակտիվիստները նշում են, որ նախապատրաստվել են Շաբաթվան ութ ամիսների ընթացքում, եւ պլանավորված բոլոր միջոցառումներն ի վերջո կանցկացվեն, սակայն ավելի ուշ:

«Ելնելով Ռուստավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից եւ առկա քաղաքական լարված իրավիճակից՝ Tbilisi Pride-ի թիմը որոշում է կայացրել մի քանի օրով հետաձգել «Արժանապատվության քայլերթը», որը նախատեսվում էր անցկացնել Շաբաթի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քայլերթի մասնակիցների գրանցումը շարունակվում է: Tbilisi Pride-ը կհայտարարի «Արժանապատվության քայլերթի» նոր ամսաթիվը, երբ մայրաքաղաքում իրավիճակը կայունանա: Կազմակերպիչները նաեւ նշում են, որ Շաբաթի մեկնարկը բարեհաջող էր եւ բոլոր միջոցառումներն անցել են առանց արտառոց դեպքերի:

«Այժմ մենք չենք կարող թույլ տալ մեզ նպաստել երկրում լարվածության ավելի մեծ էսկալացիային: Մենք թույլ չենք տա ռուսամետ, նեոֆաշիստ խմբերին թուլացնել Վրաստանի պետականությունը: Մենք ցուցաբերում ենք քաղաքացիական պատասխանատվություն եւ գործում ենք՝ ելնելով բացառապես երկրի շահերից»,-ընդգծված է հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:

Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:

Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ