News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը, ապագա ծրագրերն ու նպատակները։ Նախարարը կարեւորել է հատկապես ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Նա նշել է, որ Հայաստանում ծրագրվում է ստեղծել յուրօրինակ մի կենտրոն, որը, հենվելով սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի վրա, կաջակցի հայկական եւ այլ երկրների ստարտափներին դուրս գալու Սիլիկոնյան հովիտ ու միջազգային շուկաներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, հայկական ստարտափ գաղափարները ճապոնական շուկա դուրս բերելու, տեխնոլոգիական բուհերի հետ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով եւ փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Տալլինում վերջերս տեղի ունեցած էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել համաժողովի շրջանակներում ճապոնական «Mitsubishi» հետազոտական եւ խորհրդատվական կորպորացիայի գործադիր տնօրեն Տակեհիկո Նագումոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում համագործակցության մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Ջուն Յամադան պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու, գործակցության նոր շրջանակներ հաստատելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ