News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ որպես հարակից զեկուցող հանդես եկող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը շեղվելով նախագծից անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի ՍԴ-ոն այսօր ունի ընդամենը երկու դատավոր: Սա առաջ բերեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վրդովմունքը:

Նիկոլայ Բաղդասարյանը, մասնավորապես, նշեց. «Մեր ընդդիմադիր խմբակցությունների իրավաբանները մամուլում տեսակետ են արտահայտել՝ կապված Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածի հետ, որտեղ ասվում է հետեւյալը. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը»:

Այստեղ կա լեզվաբանական եւ իրավական խնդիր: Լեզվաբանականն այն է, որ սահմանադրության հեղինակները, ենթադրում եմ՝ բաց են թողել միտքը, որտեղ պետք է արձանագրված լիներ, որ իրավունքի ուժով ՍԴ անդամները շարունակելու են պաշտոնավարել որպես ՍԴ դատավորներ»:

Բաղդասարյանը նկատեց, որ եթե ընդդիմադիրները հղում են անում մի իրավական ակտի՝ նախորդ Սահմանադրությանը,, որն ուժը կորցրած է, այդ դիսպոզիցիան արդեն իրավական հետեւանքներ չի առաջացնում. «Այսօր ՍԴ-ում չունենք երկու դատավորից ավելի դատավորներ, հետեւաբար, նույն Սահմանադրությամբ ղեկավարվելով գործադիր իշխանությունը պետք է կատարի այն գործողությունը, որպեսզի վերականգնվի ՍԴ իրավասությունները որոշում կայացնելիս»:

Ի պատասխան Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, թե ձեր ելույթն ինչ կապ ունի նախագծի հետ: Այսինքն դուք մեր ժամանակն եք վատնում, ինքնադրսեւորման հարց եք լուծում: Կարելի՞ է իմանալ, թե ի՞նչ կապ ունի ՍԴ նոր ընտրված դատավորի եւ ինքնահռչակ նախագահի էդ պրպտումների վերծանումն այս նախագծի հետ: Կարո՞ղ է այս տրամաբանությամբ առաջ գնաք ու վաղը ասենք աշխատանքային օրենսգրքի կամ հողային օրենսգրքի քննարկման ժամանակ հընթացս բարձրացնեք այն հարցը, որ ձեր հարեւանի աղջիկը տունն է մնացել եւ ոնց անեք, որ ամուսնացնեք: Ի՞նչ է նշանակում այս ծաղրը ԱԺ-ի նկատմամբ, ո՞վ է տեսել  ձեզ նման բան թույլ տվել»:

Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց Պետրոսյանին՝ նշելով. «Ավարտեմ իմ միտքը նաեւ կապը ցույց տալու համար: Այս նախագիծը պայմանավորված է բացառապես ՍԴ-ի որոշմամբ, եւ արդյոք եթե մենք չունենք ՍԴ դատավորներ, դա կարո՞ղ է իրավական հետեւանքներ առաջացնել մեզ համար: Ես ուզում եմ շատ հստակ նշել, որ այո, կարող են առաջացնել, որովհետեւ գոյություն ունի իրավական անվտանգության խնդիր:Եթե մենք ասենք, որ չենք ունեցել ՍԴ դատավորներ, ապա արդյոք մենք պարտավոր ենք կողմ քվեարկել այս նախագծին: Այո, պարտավոր ենք, հակառակ դեպքում կխաթարենք սահմանադրական իրավունքի գոյությունը, եթե դեմ քվեարկենք այն պատճռաբանությամբ, որ չունենք ՍԴ դատավորներ: Մենք դրանով կխախտենք իրավական անվտանգության սկզբունքը»:

Գեւորգ Պետրոսյանը չանկացավ արձագանքելն. «Լտռությունը լավագույն արձագանքն է»:

Սրան պատասխանեց Նիկոլայ Բաղդասարյանը. «Եթե չէիք արձագանգում, պետք է լռեիք: Մենք պետք է ոչ թե գնանք առճակատման, այլ գնանք նրան, որ կարողանանք այսօր ձեւավորել Սահմանադրական դատարան»:

Գեւորգ Պետրոսյանն սկսեց տեղից ինչ-որ բաներ բղավել, որին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Ելույթ ունեցեք, ի՞նչ է նշանակում տեղից խոսել»:

Տպել
Ամենաշատ