News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին Միացյալ Նահանգների կողմից Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին այսօր իր Twitter-յան էջում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի), ինչպես նաեւ իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,- նշել է նա:

Մուսավին նաեւ նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»:

ԱՄՆ նախագահը երկուշաբթի հրաման էր ստորագրել, որով նախատեսվում էր Իրանի դեմ պատժամիջոցների խստացում: Լրագրողների առջեւ ելույթ ունենալով՝ նա հստակեցրել էր, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են առաջին հերթին Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն իր հերթին հետո հայտնել էր, որ «ամենաուշը ընթացիկ շաբաթվա ընթացքում» նախատեսվում է պատժամիջոցային ցուցակի մեջ մտցնել նաեւ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին: Պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի 8 զորահրամանատարների դեմ, ներառյալ գեներալի, որը պատասխանատու է հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար:

Իրանի շուրջ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Իրանի ԱԳՆ-ն այդ մեղադրանքները հերքել էր:

Հունիսի 20-ին Իրանի ԶՈՒ-ն խփել էր ԱՄՆ ՌԾՈՒ RQ-4 հետախուզական անօդաչու թռչող սարքը, որից հետո ԱՄՆ-ն, ըստ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, ռազմական գործողություն էր պատրաստել, որով նախատեսվում էր Իրանի տարածքում 3 օբյեկտների վրա կետային հարված հասցնել: Այս գործողությունը սկսելուց 10 րոպե առաջ Թրամփը հրամայել էր այն չանցկացնել՝ համարելով Թեհրանի գործողություններին ոչ համաչափ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ