News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծով առաջարկվող կարգավորումները, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։

Կոալիցայի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Դրանք վերաբերվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այսուհետ՝ Հանձնաժողով, կազմավորման կարգի փոփոխություններին։ Բացի այդ, նման կարեւորության փաստաթուղթը չի ներկայացվել հանրային քննարկման` նույնիսկ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ։

Նախագծով փոփոխվում են Հանձնաժողովի անդամի եւ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. նախ, դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորամբ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից եւ 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին եւս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։

Նախագծով նաեւ նախատեսվում է փոփոխություն Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջներում, մասնավորապես՝ հանվել են անկախության, սուվերենության եւ պրոֆեսիոնալության մի շարք երաշխիքներ, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ մշտապես ՀՀ-ում բնակվելու, ինչպես նաեւ ճանաչում ունենալու պահանջները, աշխատանքային ստաժի պահանջն իջեցվել է՝ նախատեսելով ընդամենը 5 տարի ժամկետ, սակայն նախատեսվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջ։ Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ օրենսդրական կարգավորումները հարմարեցված են կոնկրետ անձանց համար։

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ուշիուշով հետեւելու է Հանձնաժողովի անդամների թեկնածությունների ներկայացմանը եւ դրանք ներկայացնելու է հանրության դատին։

Մեր համոզմամբ նման կարգավորումների նախատեսումը եւ գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից եւ ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձեւավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին եւ կարող են որակվել որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ եւ մեկ քայլ հետ։

Հորդորում ենք ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ հակակոռուպցիոն ինստիտուցոնալ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու, որտեղ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մանրամասն կերպով ցույց կտա նախագծում տեղ գտած բոլոր ռիսկերն ու վտանգները: Խորհրդարանական լսումները հնարավորություն կընձեռնեն հնարավորինս լայն համախոհությամբ ստեղծել անկախության բարձր երաշխիքներ ունեցող անկախ հակակոռուպցիոն մարմին` առաջնորդվելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովի համախոհության հիման վրա հիմնված արդյունքներով:

Կոչ ենք անում հետայսու հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող ցանկացած իրավական ակտի նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այն քննարկել Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքացիական հասարակության միավորումը հանդիսացող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ:

Գործող եւ առաջարկվող իրավակարգավորումների տարբերությունները կարող եք տեսնել կից ներկայացված ինֆոգրաֆիկայում:

Տպել