News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց ավարտվեց: Այսօր՝ հունիսի 25-ին, նախաձեռնության անդամները հերթական բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց, պահանջում էին չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Ակցիան ավարտվեց նրանով, որ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

«ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով պետբյուջեի տարեկան շուրջ 45 միլիարդ դրամի կորուստները նախատեսվում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք մեր կյանքում: Այս նախագիծը որեւէ կերպ չի լավացնում երկրի բնակչության մեծամասնություն կազմող ցածր եկամուտ ունեցող, աղքատության մեջ գտնվող մարդկանց կենսամակարդակը: Փոխարենը ամսեկան կտրվածքով ավելացնում է մի քանի հազար մարդկանց եկամուտները: Հայտարարում ենք, որ նախագծի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նախագծին կողմ արտահայտած յուրաքանչյուր պատգամավորի համար, միեւնույն ժամանակ պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն այս ամբողջ ընթացքում բերեց օրակարգ: Սա հիշեցնում է հին, արատավոր տրամաբանությունը՝ մենք շատ ենք, ուժեղ ենք ուրեմն մենք ճիշտ ենք»,- ասաց նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակվում է. «Նախաձեռնությունն այսուհետեւ իր գործունեությունը շարունակում է Հայաստանում որպես սոցիալական արդարության հաստատման եւ ամրապնդման ուղղված նախաձեռնություն: Ցավոք, մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի, սակայն պայքարն ու մեր գործունեությունը շարունակում է»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ԱԺ-ի դիմաց էին եկել շինարարական դեղին սաղավարտներով եւ վարկային թղթերից պատրաստված ինքնաթիռներ: Նրանք իրենց հետ նաեւ կարմիր փուչիկ էին բերել՝ ցույց տալու, որ հարկային օրենսգիրքը փուչիկ է այն մարդկանց համար, որոնք աշխատում են եւ աղքատ են, ունեն ցածր եկամուտներ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, ԱԺ-ի դիմաց նախաձեռնության անդամները հանդիպում են ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, անդամների պատմելով, վարչապետն առաջարկել է, նախագիծը փորձել, այնուհետեւ կտեսնեն՝ ինչ ազդեցություն կլինի, ըստ այդմ էլ օրինագծի վերաբերյալ վերջնական տեսակետ կունենան: Նշենք, որ նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել համահարթեցման չեղարկման վերաբերյալ:

Տպել