News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ին Երեւան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016 թվականից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը: Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը եւ արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերեց Minders թիմը, որը ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը։ Թիմի անդամ երեխաները՝ Դավիթ Հակոբյանը, Դավիթ Լազյանը եւ Լեւոն Ալեքսանյանը, կիսվում էին իրենց մարզչի՝ Դավիթ Մանուչարյանի հետ հույզերով, պատմում, թե  ինչպես իրենց հաջողվեց հաղթահարել հուզմունքը, շտկել անճշտությունները եւ բարձր միավոր վաստակել։ «Այբ» կրթական հիմնադրամը բանակցություններ կվարի միջազգային կազմակերպչի հետ եւ կքննարկի Minders թիմի՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք միջազգային փուլին մասնակցության պայմանները։

Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցում էին 11 թիմեր, որոնք հավաքվել էին խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով եւ իրենց ռոբոտների հետ պայքարում էին հաղթանակի համար։ Մրցույթի հաղթող թիմի գլխավոր մրցանակը տարեվերջին Հունգարիայում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցությունն էր։

«Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում եւ հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018թ-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 23,000 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարեւոր հմտությունների ձեւավորման շուրջ, ինչը շատ ուրախալի է եւ մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում: Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը եւ միեւնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անց է կացվում միջազգային ամենաբարձր մակարդակով, եւ հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաեւ միջազգային փուլին եւ հաջողություններ գրանցում միջազգային այս կարեւոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգեւորիչ է։ Այս մրցույթով մենք ուզում ենք նաեւ ասել, թե ինչու է կարեւոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երեւույթ, դեռ երկար տարիներ շատանալու է մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին եւ պատրաստ լինել աշխատել այս ուղղություններով»,— նշեց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

 Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Ռոբոտաշինության օլիմպիադային մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները (այդ թվում նաեւ STEM) ձեւավորում են ապագա սթարթափերի ու նոր գաղափարների կրողներ, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար։ Միեւնույն ժամանակ նման մրցույթներին մասնակցությունը ձեւավորում է ստեղծագործ ու կոնստրուկտիվ մտածողություն, որի կիրառությանը մենք առնչվում ենք հատկապես սթարթափ նախագծերում»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնում էին հետեւյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ «Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասին

Արդեն 15 տարի է, ինչ ՌՀՕ-ն կառուցում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթին, որ տեղի է ունեցել 2004 թ.-ին, մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Իսկ 2018 թվականին օլիմպիադայում ներգրավվել է 26000 թիմ՝ շուրջ 70 երկրներից։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին եւ երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է եւ նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։

Տեխնիկական տվյալներ մրցույթի մասին

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։

Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Թիմերը կարող են մրցել տարբեր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․

Սովորական մրցույթ

«ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ

Բաց մրցույթ

WeDo սովորական մրցույթ

Ինչպես է ընտրվում հաղթողը

Ռոբոտը երեք անգամ կատարում է առաջադրանքը։ Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած ռոբոտը։

2019թ․ առաջադրանքները

Առաջադրանքները, որոնք ռոբոտները պետք է կատարեին 2019թ․ ծրագրով, ըստ թիմերի տարիքային կազմի հետեւյալն էին՝

ՌՀՕ-ի սովորական մրցույթի տարրական տարիքային խմբի առաքելությունը  ռոբոտի ստեղծումն էր, որը կարող էր գործել որպես իսկական ինքնավար, ինքնաշարժ տաքսի եւ ուղեւորներին փոխադրել մեկնարկի վայրից նպատակավայր։

 ՌՀՕ-ի սովորական մրցույթի կրտսեր տարիքային խմբի առաքելությունը ռոբոտի ստեղծումն էր, որը շենքի լուսավորության համակարգը կարդիականացներ եւ կօգներ խնայել էներգիա։

ՌՀՕ-ի սովորական մրցույթի ավագ տարիքային խմբի առաքելությունը ռոբոտի ստեղծումն էր, որն կարդիականացներ քաղաքի կապի ցանցը՝ տեղադրելով նոր անլար հանգուցային սարքեր եւ դրանց միջեւ՝ օպտիկական ցանց։

WeDo սովորական մրցույթի նպատակն էր ստեղծել ռոբոտ, որը կարող էր երեխաներին վերցնել տներից եւ հասցնել դպրոց։ Ռոբոտը պետք է նաեւ միրգ մատակարարեր դպրոցին։

ՌՀՕ-ի Բաց մրցույթը թիմերին առաջարկում էր ներկայացնել ինովացիոն գաղափարներ կառավարման, աշխատավայրի եւ կրթության բնագավառներում ռոբոտների կիրառությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Beeline-ի եւ Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակում
Հուլիսի 1-ին կենտրոնում մեկնարկած վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման եւ տպագրության երեք գործնական նախագծերը Թումոյի...
Դիլիջանում ամփոփվեցին «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները (ֆոտո)
Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային եւ սպորտային բաղադրիչներ...
Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի
Առաջարկը հասանելի է Beeline-ի չորս գրասենյակներում. օդանավակայանի, Հյուսիսային պողոտայի, ինչպես նաեւ Ամիրյան 3 եւ Աբովյան 21 հասցեներում գտնվող գրասենյակներում...
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ Beeline-ը ԹՈՒՄՈ Գյումրիում ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռեւս 2018 թ. փետրվար – հունիս ամիսներին...
Beeline-ի գլխավոր տնօրենը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ
Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի եւ նորարար բիզնես...
Beeline-ի եւ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց
Այս նախագծի շրջանակում երեխաները ստանում են գիտելիքներ եւ հմտություններ ամենապահանջված, արդիական ոլորտներում...
Ամենաշատ