News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Պաղեստինցիներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խրտվիլակը եւ մի ավանակ բերել, որի վրա փակցված են Պարսից ծոցի երկրների թագավորական ընտանիքների անդամների պատկերները Բահրեյնում համաժողովի սկսվելու հետ կապված բողոքի ակցիայի շրջանակում, որտեղ ներկայացվելու է Սպիտակ տան երկար սպասված ծրագրի տնտեսական մասը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, տեղեկացնում է AP-ը։

Համաժողովում, որը տեղի կունենա այս շաբաթ, Թրամփի վարչակազմը հույս ունի ձեռք բերել Պարսից ծոցի հարուստ երկրների խոստումները իր տնտեսական ծրագրի ֆինանսավորման համար, որը նախատեսում է ներդրումներ 50 մլն դոլարի չափով եւ ենթակառուցվածքային նախագծեր Արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ արաբական երկրներում։

«Պաղեստինը չի վաճառվում»,- վանկարկում էին ընդվզողները՝ դուրս գալով Արեւմտյան ափի խոշոր քաղաքների փողոցներ։ «Բահրեյնից մինչեւ Սաուդյան Արաբիա մեզ չեն դյութում ձեր միլիոնները»։

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկոն, Հորդանանը եւ Պարսից ծոցի տարբեր երկրներ իրենց ֆինանսական ներկայացուցիչներին են ուղարկել համաժողովին։ Սպիտակ տունը հայտարարում է, որ չի հրավիրել իսրայելցի ներկայացուցիչների, որպեսզի միջոցառումը «ապաքաղաքական» լինի։ Պաղեստինն իր կողմից մերժել է պլանը եւ չի ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ կոնֆերանսի հետ։

Հազարավոր մարդիկ Արեւմտյան ափին տանում էին պաստառներ՝ «Կորչի՛ Բահրեյնի կոնֆերանսը» եւ «Մի վաճառեք պաղեստինցիների գործը եւ մի ջնջեք մեր ինքնությունը» մակագրություններով։

Բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ ցուցարարները սկսեցին քարեր նետել իսրայելցի զինվորների ուղղությամբ, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են բաց թողել եւ սկսել կրակել ռետինե փամփուշտներով՝ ամբոխին ցրելու համար։ Հյուսիսային Նաբլուս քաղաքում ընդվզողները սյան վրա կախել էին նախագահ Թրամփի պատկերը։ Բեթղեհեմում ավանակը բողոքի ակցիայի կենտրոնական տեղն էր զբաղեցնում, նրան ծածկել էին Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի՝ վրան խաչ քաշված նկարները, որոնք, ինչպես համարվում է, աջակցում են Սպիտակ տան ջանքերին։

Պաղեստինյան բազմաթիվ կազմակերպություններ կոչ են արել շարունակել զանգվածային հանրահավաքներն Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում՝ համաժողովի առիթով, որը պետք է սկսվի երեքշաբթի երեկոյան։

Գազայում խանութները եւ պետական հաստատությունները փակվել են համընդհանուր գործադուլի շրջանակում։

Սեւ-սպիտակ բաները՝ գործադուլի կոչով, փոխարինել է սովորական գովազդային վահանակին Գազա քաղաքի Օմար ալ Մուհթարի կենտրոնական փողոցում։

Պաղեստինցիները դեմ են Թրամփի թիմի հավակնոտ առաջարկին, որը նախատեսում է առողջապահության, կրթության եւ հանրային աշխատանքների ոլորտների նախագծեր, բայց չի վերաբերում Իսրայելի կողմից Արեւմտյան ափի զավթմանը կամ Գազայի շրջափակմանը։

«Մեզ փող պետք չէ։ Մենք հացի կարիք չունենք։ Մենք արժանապատվության կարիք ունենք»,- ասել է գազացի բժիշկ Սաիդ Ջադբան։ «Երբ մենք ստանանք (մեր արժանապատվությունը), մենք կհայտնվենք ամենահարուստ երկրների շարքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ