News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար  Մայք Պոմպեոն կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ հույս հայտնելով, որ երկու երկրներին կհաջողվի հարթել տարաձայնություններն առեւտրի եւ այլ հարցերի շուրջ՝ «բարեկամության ոգով», տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է վարել հնդիկ գործընկերոջ՝ Սուբռահմանյան Ջայշանկարի եւ հանդիպել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկրի մայրաքաղաք Նյու Դելի այցելության ընթացքում։

Մոդիի վերընտրվելուց հետո երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունենում ռազմավարական կապերի զարգացման եւ Հնդկաստանի տուրքերի եւ ռուսական սպառազինություն գնելու ծրագրերի հետ կապված լարվածության ֆոնին։

Երկու կողմերը ջանացել են մեղմել տարաձայնությունները։ ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը «բարեկամներ անվանելով, որոնք կարող են օգնել միմյանց ամբողջ աշխարհում», Պոմպեոն նշել է, որ անգամ լավագույն բարեկամներն ունենում են տարաձայնություններ։ Հնդկաստանի վարչապետն ասել է. «Եթե դուք ինչ-որ մեկի հետ առեւտուր եք անում, անհնար է խուսափել խնդիրներից առեւտրի ոլորտում»։

Ընդ որում՝ Պոմպեոն ընդգծել է տնտեսության ոլորտի վեճերը հարթելու անհրաժեշտության մասին։ «Միացյալ Նահանգները հստակ հասկանալ է տվել, որ մենք ցանկանում ենք ընդլայնել շուկայի հասանելիությունը եւ հանել առեւտրային պատնեշները։ Անհրաժեշտ է կարգավորել հարցերը տնտեսական ոլորտում»,- ասել է նա։

Վաշինգտոնն այս ամիս Հնդկաստանին զրկել է որոշ ապրանքատեսակների անմաքսատուրք հասանելիությունից, այն դեպքում, երբ Հնդկաստանը բարձրացրել է 28 ամերիկյան ապրանքների տուրքերը։ Վաշինգտոնը դժգոհ է նաեւ կանոնների խստացումից, որը բացասաբար է անդրադարձել օտարերկրյա ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան օնլայն-ռիթեյլերների վրա։

Չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով՝ Պոմպեոն հնարավոր է համարել ամերիկյան ներդրումների ավելացումը, պայմանով, որ Հնդկաստանը կպակասեցնի առեւտրային պատնեշները։

«Տրիլիոնավոր դոլարների ամերիկյան ներդրումներ կան, որոնք սպասում են իրենց ժամին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է նա։

Կողմերը քննարկել են նաեւ Հնդկաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, որոնց հանդեպ գործում են ամերիկյան պատժամիջոցներ։

Հնդկաստանը, ԱՄՆ ճնշման ներքո, դադարեցրել է նավթի ներմուծումն Իրանից, երկիրը հայտարարում է, որ կարեւորում է էներգառեսուրսների մատակարարումների «կայունության, կանխատեսելիության եւ հասանելիության» պահանջմունքը։ Երկիրը, որը հենվում է նավթի ներմուծման վրա, վառելիքի այդ տեսակի մեծ մասն ստանում է Մերձավոր Արեւելքի երկրներից եւ մտահոգ է տարածաշրջանում լարվածության աճից։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հասկանալ է տվել, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարվել 5,2 մլրդ դոլար արժողությամբ ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերումից եւ ընդգծել է. «Մենք հարաբերություններ ունենք շատ երկրների հետ, եւ մենք կանենք այն, ինչը համապատասխանում է մեր ազգային շահերին»։ Հնդկական իշխանությունների համաձայն՝ չնայած լարվածության աճին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հանդեպ, նրանք պատրաստ չեն հրաժարվել Մոսկվայի հետ վաղեմի պաշտպանական գործընկերությունից։

Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կապերը վերջին տարիներին ամրապնդվել են ընդհանուր անհանգստության ֆոնին՝ կապված Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցության հետ։

Իր ելույթում Պոմպեոն հնարավոր համարեց համագործակցության ամրապնդումը երկու երկրների միջեւ։

«Մենք կատարյալ հնարավորություն ունենք ավելի հեռուն գնալու, քան շատ երազողներ։ Ներկա պահին մենք երկու առաջնորդ ունենք՝ նախագահ Թրամփը եւ վարչապետ Մոդին, որոնք չեն վախենում նոր ճանապարհներ բացել եւ ռիսկի դիմել, երբ դա տեղին է,- նշել է նա։- Եկեք միմյանց նորովի նայենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ