News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Մալթայի միջեւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի օրակարգը լայն է։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մալթայի ԱԳ նախարար Կարմելո Աբելայի հետ հունիսի 27-ի մամուլի ասուլիսում։

Նախարարը հիշեցրել է, որ գործընկերը Հայաստանում է եղել հոկտեմբերին, մասնակցել է ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ ԱԳ նախարարի հավաստմամբ, կողմերը մտադիր են ավելի խորացնել քաղաքական երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր։ Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել մալթացի գործընկերոջը սեպտեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման համար։ Կողմերը նաեւ քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման քննարկման արագացման հարցը։

Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ հարաբերությունների քննարկմանը։ Զրուցակիցները փաստել են, որ առեւտրատնտեսական շրջանառությունը տպավորիչ չէ։ Սակայն նշել են մի շարք ոլորտներ, որտեղ կողմերը հետաքրքրված են համագործակցությամբ։ Դրանք առաջին հերթին նորարարական տեխնոլոգիաներն են, գյուղատնտեսությունը, մշակույթը, կրթությունը։ ԱԳ նախարարները քննարկել են սեզոնային ուղիղ հաղորդակցության բացման հարցը։ «Մեր հարաբերությունները հենված են ընդհանուր եվրոպական արժեքների վրա, ժողովուրդները պատմականորեն վաղուց գիտեն միմյանց, միջնադարի շրջանից, դա հնարավորություն է տալիս հաջողությամբ զարգացնել հարաբերությունները։ Համագործակցությունը զարգանում է նաեւ բազմակողմանի հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում»,- նշել է Մնացականյանը։

Նա գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ «Բանակցությունները շարունակվում են։ Քննարկման համար թեմաների պակաս չկա։ Օրակարգը շատ հագեցած է, եւ կա մեծ ցանկություն՝ խորացնել հարաբերությունները»,- ընդգծել է նախարարը։

Իր հերթին, Կարմելո Աբելան նշել է, որ սա պատմական այց է, իսկ հարաբերությունները երկու երկրների միջեւ կառուցվում են ժողովուրդների միջեւ գերազանց հարաբերությունների հիման վրա։ «Մեր հարաբերությունները խորանում եւ ամրապնդվում են։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք ձեռք ենք բերում պայմանավորվածություններ, եւ դրանք իրագործվում են»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ Մալթան ակտիվորեն աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները մի շարք ուղղություններում խորացնելու գործում։ «Համաձայնագրի վավերացման փաստը այդ մտադրության գործնական ապացույցն է»,- նշել է Աբելան՝ ավելացնելով, որ քաղաքական կապերի կողքին հարկավոր է զարգացնել հարաբերությունները ձեռնարկատերերի միջեւ։ Ընդ որում՝ նա համաձայնել է գործընկերոջ հետ, որ ապրանքաշրջանառության ծավալները տպավորիչ չեն։ Նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է եւ հաջորդ հանդիպման ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկակի հարկումը հանելու մասին։ Պակաս կարեւոր չէ օդային հաղորդակցությունը։ Գուցե այն բացվի հաջորդ տարի։ «Մենք եկել ենք մի ամբողջ օր, որպեսզի հասնենք այստեղ։ Իրականում թռիչքն այստեղ ընդամենը 4 ժամ կտեւեր»,- նշել է Կարմելո Աբելան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ