Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին: Ինչու չի գալիս, ես չգիտեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորված է, որ չի ընտրվել ՔՊ-ի վարչության կազմում եւ անգամ պատրաստ է վայր դնել մանդատը:

«Դուք լուր եք գցում, գրում եք՝ ըստ մեր աղբյուրների, հետո գալիս դրա վերաբերյալ մեկնաբանություն եք ուզում: Ես այդպիսի տեղեկություններ չունեմ»,-ասաց Միրզոյանը:

Նա նաեւ հերքեց տեղեկությունները, թե սրվել են իր ու Սասուն Միքայելյանի հարաբերությունները: «Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին: Ինչու չի գալիս, ես չգիտեմ: Բախում եղել է՝ ոչ: Իմ եւ նրա հարաբերությունները սրված են՝ ոչ: Պարտաստվում է մանդատը դնել՝ ես զրո տեղեկություն ունեմ դրա մասին: Եթե մեկը մի օր չեկավ ԱԺ նիստի, պետք է հարցնեմ՝ կարո՞ղ է ուզում ես մանդատդ դնե՞ս»: