Մենք բոմժ չենք, հետո ի՞նչ, որ մեր իրերը հանել շպրտել են դուրս. մենք ընտանիքներ ենք, 28 ընտանիքի հետ խա՞ղ են անում։ Այս մասին հունիսի 27-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կառավարության առաջ գիշերող բնակիչներից մեկը։
Նրա խոսքով երեխաները դրսում պառկելով՝ հիվանդացել են, բայց իրենց հարցի նորմալ լուծում չեն առաջարկում. «Ասում են մեկ ամսվա տան վարձ տանք՝ գնացեք: Այդպես չի լինի, մեկ ամիս հետո ի՞նչ ենք անելու, մենք ի վիճակի չենք վճարելու։ Այս ժամին երեխան պետք է լողացած, մաքուր իր տեղերում պառկած լիներ, ոչ թե փողոցում գիշերեր»,– ասաց բնակիչը։
Նրանցից մեկի խոսքով էլ՝ չի պատրաստվում հանդուրժել այս անտարբերությունը եւ պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի. «Այս մեխերը բերել եմ, որ եթե մեր հարցին լուծում չտան, ոտքերս մեխեմ»,- ասաց բնակիչը։
Ավելի ուշ NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում, Եղվարդի բնակիչները ասացին, որ վերադարձել են Եղվարդ։ «Քաղաքապետը բոլորիս կանչել է, ասաց՝ ես իմ վրա եմ վերցնում այս հարցը։ Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց բնակիչը։
Հիշեցնենք, որ եղվարդցի մոտ 30 ընտանիք հունիսի 25-ից եկել էին կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին իրենց ապահովել տներով։ Մինչ այս նրանք ապրել են հին արտադրամասի շենքում, իսկ հիմա տարածքի սեփականատերը պահանջել է դուրս հանել նրանց, քանի որ այնտեղ շինարարություն է իրականացնելու։
Նշենք, որ այս հարցին երեկ անդրադարձել է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ասելով, որ այդ շինությունից վտարվել են 6 ընտանիք, մյուսները՝ հարակից տարածքներից են․ «6 ամիս ժամանակ էր տրված, եւս 6 ամիս ես ավելացրել եմ, որպեսզի այդ տարածքները լքեն, քաղաքապետի առաջադրած լուծումներին ականջալուր լինեն: Մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր լուծումներից: Մենք նույնիսկ առաջարկել ենք 2-3 ամսվա տան վարձերը փոխհատուցենք, բայց նրանք պետությունից պարզապես տուն են պահանջում»,- ասել է մարզպետը։











