News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ ԱԻՆ-ից եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք եւ քարաթափում է նկատվում:

Այս առնչությամբ, «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի աշխատանքին բնակիչների կողմից միտումնավոր միջամտության մասին է: Ընդ որում ոչ ավել, ոչ պակաս, այգիների ու բանջարանոցների ոռոգման համար:

Այն, որ մեզանում ոռոգման նպատակով ապօրինաբար օգտագործվում է խմելու ջուր, գաղտնիք չէ: Այստեղից էլ ամառային տապերին երբեմն նկատվող ջրի անբավարարությունը: Բայց փաստ է, որ որոշ բնակավայրերում դրա համար օգտագործվում է նաեւ կոյուղաջուր, ինչը բոլոր առումներով պարզապես անթույլատրելի է: Դրանց թվում են Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի Լվովյան փողոցի բնակելի շենքերին հարակից հողատարածքները:

Սխեման հետեւյալն է. Նոր Նորքի առաջին զանգվածի կոյաջրերի հեռացման համար նախատեսված 500մմ տրամագծով խողովակաշարն իր ողջ երկայնքով ամեն 20-30 մետրը մեկ կոտրված է կամ խցանված այդ զավթված հողակտորների տերերի կողմից, իսկ արտահոսող կեղտաջրերով ոռոգվում են, ինչպես արդեն ասվեց, իրավական առումով տեր չունեցող, սակայն փաստացի կոնկրետ անձանց պատկանող հողատարածքներ:

Այնտեղից էլ «կոյուղաջրի ավելցուկը» ի վերջո հոսում է դեպի Մյասնիկյան պողոտա: Կոյուղու խցանման համար կիրառվում են քարեր, երկաթե իրեր, ավազով լի պարկեր: Կոյուղաջրերով առատորեն ոռոգվող տարածքներից ստացվող միրգն ու բանջարեղենն էլ «սեփականատերերը» հանում են վաճառքի՝ հետեւանքների մասին չմտածելով:

Նման փաստեր կան նաեւ Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Երեւանի այլ տարածքներում, ինչպես նաեւ մարզերում:

Կոյուղատար համակարգը, «ոռոգման ջուր» ստանալու նպատակով, միտումնավոր վնասվում է շատ տեղերում: Վեոլիան շարունակաբար վերանորոգում է խողովակաշարերը, սակայն հաշված օրեր անց բնակիչները վերականգնում են «ստատուս քվոն»՝ այսպիսով շարունակաբար խաթարելով կոյաջրերի հեռացման գործընթացը:

Բայց եւ պատասխանատվության ենթարկելը ապօրինությունների հեղինակներին խնդրահարույց է. ապօրինաբար ոռոգվող տարածքները որեւէ իրավական կարգավիճակ չունեն:

«Խնդրի լուծումը բարդ է, մենք նորոգում ենք կոյուղին, ասում ենք բնակիչներին, որ չի կարելի նման բան անել, իսկ մեր հետեւից նրանք նորից գալիս կոտրում են», -  ասում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասի պետ Արամ Գրիգորյանը:

Ջրամատակարար կազմակերպությունը վերջին տարիներին Նոր Նորքի առաջին զանգվածում 2 անգամ նոր կոյուղի է կառուցել, քանի որ գործող խողովակաշարը բնակիչների միջամտությունների հետեւանքով ենթակա չի եղել հետագա շահագործման: 

Ներկայումս «Վեոլիա ջրի» վթարային բրիգադը սկսել է Լվովյան փողոցի ձորի հատվածում կոյուղագծի վերանորոգումը: Անշուշտ, կոյուղու կանոնավոր շահագործումը կվերականգնվի, սակայն խնդիրը մնում է օրակարգային: Այն լուծելու համար նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունն է պահանջվում:

Իր հերթին, ընկերության Իրավաբանական ծառայությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ խնդրելով օգնել ապօրինությունների հեղինակներին օրենքով սահմանված կարգով պատժելու, բնակիչներին նման արարքների ողջ անթույլատրելիությունը բացատրելու, եւ հետագայում նման ապօրինությունները «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շահագործվող համակարգում բացառելու նպատակով:

Տպել
Ամենաշատ