News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա, չի էլ կարող լինել նման մասնագիտական կարծիքների արդյունքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտնի նամակին:

«Նույն տրամաբանությամբ վաղը մեկը կարող է վեր կենալ եւ ասել, որ կառավարության անդամ եզրույթը հստակ բացահայտված չէ, մենք ունենք սահմանադրական ճգնաժամ գործադիր իշխանությունում: Իհարկե, չունենք, եւ ցանկացած նման մեկնաբանություն ոչ լուրջ սահմանդրաիրավական վերլուծության արդյունք է:

Ես նաեւ ուսումնասիրել եմ պարոն Գրիգորյանի նամակը: Երբ մենք խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, չեք պատկերացնում, թե դա ապացուցման ինչ ստանդարտ է ենթադրում, այսինքն՝ ինչեր պետք է ներկայացնի անձը: Իսկ նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղը եւ ներկայացվում է Սահմանադրական դատարանի անդամի, այնուհետեւ դատավորի երդման տեքստերը: Եթե ՀՀ-ում ՍԴ դատավորի երդման տեքստը լիներ սահմանադրական պահանջ, նորմ, ես կփորձեի դա ընկալել: Բայց դա օրենքով սահմանված որոշակի գործառույթ է եւ ՍԴ-ի երդման տեքստով չէ, որ իրենց գործառույթն է գնահատվում կամ իրացվում: Այն իրենց լիազորությունների եւ պարտականությունների տիրույթում է գնահատվում, իսկ դրանք նույնական են 1995-2015 թթ.»,-ասաց Վարդեւանյանը:

Վարդեւանյանի խոսքով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածում հստակ ներկայացվում է, որ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել, այսինքն՝ տրանսֆորմացվում են դատավորի. «Բնականաբար, 2018-ի ապրիլի 9-ից հետո մենք չունենք ՍԴ անդամներ, մենք ունենք ՍԴ դատավորներ: Այստեղ բարդ բան չկա, ամեն ինչ չափազանց պարզ էր»:

Հիշեցնենք, որ ՍԴ դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարել էր ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Նա նշել էր, որ ՍԴ-ն ունի ընդամենը երկու դատավոր, մյուսները ՍԴ անդամներ են, ուստիեւ որոշում կայացնելու լիազորություն չունեն։

Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին եւ ելքեր առաջարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ