Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, մեզ համար կարեւոր է ոչ թե կիլոմետրերի քանակությունը, այլ մարդկանց ճակատագրերն ու նրանց իրավունքները։ Այս մասին ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում՝ ասել է Հայաստանի պատվիրակ Անի Սամսոնյանը՝ պատասխանելով ադրբեջանական պատվիրակին։
Ամառային նստաշրջանի ընթացքում պատվիրակները քննարկել են Ալան Ֆարելի զեկույցը՝ «Աջակցություն կայուն զարգացմանը՝ ի շահ անվտանգության ամրապնդման», որում հիշատակվում է նաեւ ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում «նկատելի առաջընթացի բացակայությունը», նաեւ «ղարաբաղյան տարածաշրջանում եւ Ադրբեջանի հարակից բոլոր շրջաններում»։
Ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ ադրբեջանցի պատվիրակ Ազայ Գուլիեւը սկսեց պատմել «քառակուսի կիլոմետրերի մասին, որոնք ընդգրկում է հակամարտությունը»։
Նրա ակնարկին իր խոսքում պատասխանել է Անի Սամսոնյանը՝ ընդգծելով, որ «մեզ համար կարեւոր են ոչ թե հազարավոր կիլոմետրերը, այլ մարդկանց կյանքերն ու մարդու իրավունքները»։ Նրա խոսքով՝ խաղաղությունը գալիս է արժեքներով, ազատ ընտրություններով, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, մամուլի ազատությամբ։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս հօգուտ հասարակության արմատականացման, ինչն ազդում է կյանքի բոլոր ոլորտների, անգամ սպորտի վրա։ Սամսոնյանը հիշեցրել է Բաքվում հայ մարզիկների անունների հանդեպ խտրականության մասին, ինչպես նաեւ նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակչին անվտանգության հարցերի պատճառով։
Իր խոսքում հայ պատվիրակ Հայկ Կոնջոյանը մտահոգություն է հայտնել զեկույցի հետ կապված՝ նշելով, որ ամեն հակամարտություն առանձնակի է եւ պետք է դիտարկվի կոնկրետ, ինչը չի նկատվում հաշվետվությունում։ Նա նշել է, որ հայկական կողմը բանաձեւի լրացումներ է ներկայացրել, որոնք արտացոլում են «ոչ թե այլընտրանքային, ազգային մոտեցում», այլ միայն դիրքորոշում, որն ավելի վաղ գրանցվել էր միջազգային միջնորդների հայտարարություններում եւ փաստաթղթերում։