News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոտ 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբեր Թբիլիսի-Մոսկվա եւ հակառակը չվերթերի տոմսեր է գնել, բայց ՌԴ-ից ուղիղ ավիակապի ժամանակավոր արգելքի պատճառով Georgian Airways ավիաընկերությունը նրանց կառաջարկի այլընտրանքային Թբիլիսի-Երեւան-Մոսկվա երթուղին։ Այս մասին ուրբաթ ասել է ավիաընկերության առեւտրային փոխտնօրեն Թամար Թանդաշվիլին վրացական Pirveli հեռուստաընկերության եթերում։

«Մոտավորապես 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբեր ներառյալ տոմսեր է գնել։ Համապատասխանաբար, ավիաընկերությունը որոշում է ընդունել գործընկեր հայկական ավիաընկերության օգնությամբ առաջարկել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա երթուղին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուղեւորները ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել փոփոխված երթուղու համար, պարզապես պետք է փոխեն տոմսերը եւ ուղեւորվեն Երեւանով։

Թանդաշվիլու խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը 10-15 տոկոսով կավելացնի ավիաընկերության ֆինանսական ծախսերը։ «Ռուսական շուկան շատ կարեւոր էր մեզ համար։ Ամեն օր Georgian Airways-ը կատարել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երեք չվերթ։ Ընկերությունը թռիչքներ է կատարել ոչ միայն Մոսկվա, այլ նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներ»,- ընդգծել է նա։

Թանդաշվիլին նաեւ նշել է, որ ավիաընկերությունը կսկսի կատարել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա չվերթերը հուլիսի 8-ից, օրը երկու անգամ։

Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը նա ստորագրել է հունիսի 21-ին, այն մասին, որ ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է քաղաքացիների օդային փոխադրումներ կատարել (այդ թվում առեւտրային) Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Վրաստանի տարածք։ Այդ օրվանից ուժի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հունիսի 22-ի որոշումը ՌԴ տարածքում վրացական ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին։

Ռուսաստանի իշխանությունների որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր։ Դրանց առիթ էր հանդիսացել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) նստաշրջանը, որը տեղի էր ունենում Վրաստանի խորհրդարանում։ Հետեւելով հաստատված ընթացակարգին՝ ռուսական պատվիրակությունը գլխավորող՝ Պետդումայի պատգամավոր եւ ՈւՄՎ նախագահ Սերգեյ Գավրիլովը զբաղեցրեց խորհրդարանի նախագահի աթոռը։ Այս փաստից դժգոհ ընդդիմությունը խափանեց միջոցառումը եւ մարդկանց բողոքի ակցիայի դուրս բերեց փողոցներ՝ հակառուսական կարգախոսներով, որն ավարտվեց խորհրդարանի շենքի գրոհով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ