«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին վերագրվող՝ ՀՀ նախագահի նստավայրում կանանց մասնակցությամբ տեսանյութը առաջին հայացքից մոնտաժված է թվացել ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Սակայն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ դա իրականություն է, եւ շատ ցավալի է։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը եւ ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը»,– այսօր՝ հուլիսի 8–ին, լրագրողներին ասաց նախկին պատգամավորը
Մարգարիտ Եսայանը շեշտեց՝ հիմա պետք է պարզել՝ ո՞ւր էր երկրի նախագահը, ո՞վ է այդ թողտվության մեղավորը, այդ անցաթուղթն ո՞վ է իջեցրել, ի՞նչ նպատակով էին այդ անձինք մտել երկրի նախագահի նստավայր. «Ես կարծում եմ՝ այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, քանի որ վաղը այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները այստեղ գործ ունեն անելու»։
Նա վստահ է՝ այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը իրենց ամենաթողությամբ. «Սրան պետք է հաջորդի նախագահի պարզաբանումը, քանի որ սա եւս երկրի խորհրդանիշ է»։
Մարգարիտ Եսայանը նաեւ հավելեց՝ պետք է բարձրացվի այդ պատգամավորի մանդատի հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակը» գրել էր. «Մեր ձեռքի տակ են հայտնվել տեսանյութեր, թե ինչպես են պատգամավորը ու գեղեցկուհիները կրքոտ պարում «Լա Սկալայում»։ Մեկ այլ տեսանյութում էլ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երևում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր»։











