News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շաբաթ օրը ցերեկը մոտ 3-ին Զոդի կամրջի վրա ողբերգական վթար տեղի ունեցավ՝ սարսափելի հետևանքներով՝ 6 ողջակիզված զոհ, որոնցից մեկը երեխա, եւ 13 վիրավոր։ Մոխրացել էր երթուղային «Գազելը», մասամբ այրվել էին նաեւ «Տոյոտա» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ։ «Գազելի» վարորդը եւ 5 ուղեւորներ տեղում մահացել էին։ Շուտով հայտնի դարձան սահմռկեցուցիչ մանրամասներ վթարից։ Ըստ նախնական վարկածի՝ վթարի մեղավորը «Տոյոտայի» վարորդն է՝ Սողոմոն Հակոբյանը։ Նա ձերբակալվել է։

Այս ողբերգությունից հետո դարձյալ հիշվեց սովորական դարձած խախտումը՝ այն, որ հանրային տրանսպորտը չպետք է շահագործվի գազով, որ կարող է  ռումբի ավեր գործել։

Վիրավորներից այժմ ծայրահեղ ծանր վիճակում է 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը։ Նա բուժում է ստանում Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում։ Եվս երկու տուժածի՝ Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը ծանր է: «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից 4-ը հիվանդանոցից դուրս է գրվել։

Ճանապարհային սպանդը շարունակվեց նաեւ հաջորդ օրը։ Հուլիսի 7-ին առավոտյան 6-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ճանապարհին «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մահացան մայր ու որդի եւ նրանց 7-ամյա սանիկը։ «Mercedes»-ում երկու ընտանիք է եղել՝ 8 հոգի, որոնցից երկու երեխա՝ բեռնախցիկում:  Բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներ։ Նրանք մեկնում էին հանգստանալու։ Ճամփորդությունը եղել է գիշերով, և վարորդը քնել է ղեկին։

Հինգ տուժած հոսպիտալացվել է Գորիի եւ Թբիլիսիի հիվանդանոցներ, 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, գլխուղեղի ծանր վնասվածք ունի, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեք տուժածներ այսօր առավոտյան տեղափոխվել են Հայաստան։ Նրանց վիճակը գնհատվում է միջին ծանրության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Սինգապուրում է։ Նա կառավարական նստավայրում հանդիպել է նախագահ Խալիմա Յակոբի հետ, հայտարարել, որ Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները դարձել են նաեւ Նոր Հայաստանի սկզբունքները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Սինգապուրի վարչապետի հետ, երկկողմ մի քանի պայմանագրեր ստորագրվել, այդ թվում կրկնակի հարկումից խուսափելու մասին։ Սինգապուրի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ։

Այսօր, 81 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը։ Նա սպորտի վարպետ էր եւ վաստակավոր մարզիչ։ Հովիվյանը հայկական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկն էր եղել։ Խաղացել է Երևանի «Սպարտակ», «Արարատ», Մոսկվայի «Սպարտակ» թիմերում։  Երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով։

Հուլիսի 6-ին Լոնդոնում 63 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը։ Նա հայկական դիվանագիտական ծառայության հայտնի գործիչներից էր, դեսպան է եղել նաեւ ԱՄՆ-ում եւ Հունաստանում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր սկանդալի մեջ է հայտնվել։ Մամուլը գրել է, որ նա ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի ամենաէլիտար ժամանցի կենտրոններից մեկում՝ «Լա Սկալայում»։ Բացի լուսանկարից հրապարակվել է նաեւ տեսանյութ, որտեղ  մի աղջիկ ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Մամուլը ենթադրել էր, որ  Հայկ Սարգսյանը գեղեցկուհիներին  էքսկուրսիայի է տարել նախագահի նստավայր։

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայան սա համարեց ցավալի իրականություն։ 

Մեղմ վարկած առաջ քաշեց «Իմ քայլից» Հովիկ Աղազարյանը՝ ենթադրելով, որ ոչ թե էքսկուրսիա, այլ գուցե ճանաչողական այց է եղել։

Արձագանքեց նաեւ Հայկ Սարգսյանը․ լուսանկարը, ըստ նրա, մինչև հեղափոխությունն է արվել, իսկ տեսանյութի աղջիկը իր հետ առնչություն չունի։  «Ինձ վարկաբեկելու կիրքը ձեզ հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը»,- գրել է Հայկ Սարգսյանը ֆեյբուքյան իր էջում։ Ի դեպ նա այս գործում բավական առաջ է գնացել, արդեն 6 հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ՝ համարելով, որ իր դեմ տեղեկատվական արշավ է սկսվել։ 

Հայհոյանքներ Պուտինի հասցեին՝ վրացական եթերից։ «Ռուսթավի 2»-ի մեկնաբան Գեորգի Գաբունիայի «P.S.» հեղինակային հաղորդումը սկսել է Պուտինին ուղղած վիրավորանքներով: Նրա այս վարքը մեծ իրարանցում է առաջացրել հատկապես սոցցանցերում։ Հաղորդավարի 18 պլյուս բառերը քննադատել են բազմաթիվ օգտատերեր, հայտարարությւոններով արձագանքել են նաեւ Վրաստանի նախագահը եւ վարչապետը։ «Այն, ինչ մենք այսօր տեսանք «Ռուսթավի 2»-ի եթերում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր երկրի ապակայունացման փորձ։ Դա միանգամայն անընդունելի է»,- գրել է վարչապետը «Թվիթերում»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սկանդալային եթերից հետո «Ռուսթավի 2»-ի հաղորդավարին  աշխատանքից ազատել են:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով  476 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 597, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 47 դրամ։

Հուլիսի 9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում քաղաքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան ջերմություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ