News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դուբայի տիրակալի փախուստի դիմած կինը՝ արքայադուստր Հայա բինտ ալ Հուսեյնը իր անսպասելի եւ հանդուգն քայլով ալեկոծել է համաշխարհային հանրությանը: Նա փախել է Մերձավոր Արեւելքի ամենահզոր եւ ազդեցիկ տղամարդկանցից մեկից:

Լրատվամիջոցները ստիպված են սոսկ գուշակել, թե ինչն է արքայադստերը դրդել նման քայլի՝ հետը վերցնելով 2 երեխաներին եւ ըստ լուրերի՝ կլորիկ գումար: Նշվում են ամենատարբեր վարկածներ՝ Հայային վրդովել է ամուսնու վերաբերմունքը հարազատ դստեր՝ արքայադուստր Լատիֆայի նկատմամբ, որը նույնպես փորձել է փախչել, մեկ այլ վարկածով՝ արքայադուստրը սիրավեպ է սկսել թիկնապահի հետ: Ակնհայտ է, սակայն, մեկ բան՝ Հայայի արարքը, ինչպես նաեւ նրա կենսագրության որոշ փաստեր վկայում են այն մասին, որ նա չի համապատասխանում արեւելյան կնոջ հեզ, վեհերոտ կերպարին:

Արքայադուստր Հայայի մասին հայտնի է, որ նա սիրում է ձիեր եւ արագընթաց մեքենաներ:

Նրա հայրն է Հորդանանի թագավոր Հուսեյն առաջինը, մայրը՝ թագուհի Ալիան, որը զոհվել է վթարի հետեւանքով, իսկ թագավորությունը ներկայումս կառավարում է հորական կողմից եղբայրը:

Hello! ամսագիրը հայտնում է, որ արքայադստեր հետաքրքրությունների թվում հատուկ տեղ է զբաղեցնում ձիասպորտը, որով նա պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է մանկության տարիներից: Տակավին 13 տարեկան Հայան Հորդանանը ներկայացրել է միջազգային մրցումներում, իսկ 18 տարեկանում նվաճել է Պանարաբական խաղերի բրոնզե մեդալը՝ դառնալով այդ մրցությունների ամբողջ պատմության մեջ միակ հաղթող աղջիկը: 2000 թվականին Հայան եղել է Հորդանանի պատվիրակության կազմում՝ Ավստրալիայում անցկացվող Օլիմպիական խաղերում դրոշակակիրն էր: Երկու տարի անց Հայան դարձել է առաջին արաբ կինը, որն Իսպանիայում Խերեսում մասնակցել է խոչընդոտների հաղթահարման ձիասպորտի աշխարհի առաջնությանը:

2012 թվականին հարցազրույցներից մեկում արքայադուստրը խոստովանել է, որ հենց ձիերն են «մտերմացրել» ամուսնու հետ: «Անվիճելի է, որ ձիերն ազդել են իմ անձնական կյանքի վրա, բայց ամենեւին ոչ այնպես, ինչպես ակնկալում էր հանրությունը, քանի որ հենց ձիերն էին այն ընդհանուր հետաքրքրությունը, որն ինձ մտերմացրեց ամուսնուս՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ եւ փոխնախագահ, Դուբայի էմիր Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ, տղամարդ, որով ես հիանում եմ, եւ որից օրինակ եմ վերցնում: Երկուսս էլ կրքոտ հեծյալներ ենք, եւ սա գլխավոր գործոններից մեկն է, որը մեզ միավորել է»:

Դրանից բացի, արքայադստեր հետաքրքրությունների թվում են բազեի որսը, հրաձգությունը եւ ջրային բոլոր մարզաձեւերը: Հայան տիրապետում է մի քանի օտար լեզուների՝ իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն եւ ասում են, որ կարող է հաղորդակցվել նաեւ ռուսերենով: Հայայի սիրած խումբն է Guns N’ Roses-ը, իսկ երգիչը՝ Փինքը: Հայան Հորդանանի միակ կինն է, որը բեռնատար վարելու իրավունք ունի: Նա հարցազրույցում նաեւ խոստովանել է, որ պաշտում է արագընթաց մեքենաներ վարել՝ նրա սիրած մակնիշն է Aston Martin-ը:

Սովորել է Բրիսթոլում Badminton School աղջիկների գիշերօթիկ դպրոցում, այնուհետեւ Դորսեթում՝ Bryanston School դպրոցում: Հետո Հայան ընդունվել է Սբ. Հիլդայի Օքսֆորդի համալսարանի քոլեջ, որտեղ ստացել է փիլիսոփայության, քաղաքականության եւ տնտեսության բակալավրի աստիճան:

Ամուսնու մասին

Լինելով շեյխ Մոհամմեդի կինը՝ Հայան հարցազրույցներում նրա մասին հաճախ էր խոսում՝ նշելով բնավորության հատկանիշները, որոնք իրեն հիացնում են, նրա վաստակի մասին որպես կառավարող, եւ նույնիսկ պնդում էր, որ իր երջանիկ ամուսնության պատճառը հենց նրա մեջ է թաքնված. «ԱՄԷ-ի, հատկապես Դուբայի կառավարությունը մթնոլորտ է ստեղծել, որը նպաստում է կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդարձակմանը: Անկեղծորեն, սրանք սոսկ բառեր չեն: Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդը միշտ ասում է. «Առանց կնոջ վայրը՝ հոգուց զուրկ վայր է»:

«Իմ 12-ամյա երջանիկ ամուսնության գաղտնի՞քը: Իմ ամուսնու մեջ է: Ես հեռու եմ կատարյալ կին լինելուց, բայց նա ինձ հանդուրժում է»:

«Ես ամեն օր հիանում եմ այն ամենով, ինչ նա անում է: Ես ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ Այսպիսի Մարդու կողքին եմ»:

Իմ Զաեդ որդին պաշտում է այն ամենը, ինչ կապված է հոր հետ: Նա սիրահարված է անապատին, սիրում է հոր հետքով ամեն ինչ կրկնել»:

«Շեյխ Մոհամմեդը հոյակապ հայր է: Նա իր երեխաներին թույլ է տալիս անգամ ցեխի մեջ թավալվել, եթե դա նրանց հաճույք է պատճառում»:

Հիմա արքայադուստրը լռություն է պահպանում: Լրատվամիջոցները պնդում են, որ նա վախենում է իր կյանքի համար:

Մոհամմեդի 2 դուստրերն արդեն փորձել են խախչել՝ հորն անվանելով բռնակալ եւ տիրան: Նրա դուստրը՝ արքայադուստր Լատիֆան, անցյալ տարի փորձել էր երկրից փախչել: Պալատից փախուստից առաջ կատարած տեսանյութերից մեկում աղջիկը հայտարարել էր. «Այն ամենը, ինչ հայրս՝ Դուբայի տիրակալը, փորձում է ասել իր եւ մարդու իրավունքների մասին, կատարյալ բարբաջանք է: Նա ամենասարսափելի մարդն է, ում կյանքում հանդիպել եմ: Նա բացարձակ չարիք է, նրա մեջ ոչ մի լավ բան չկա»: Տեսանյութում նա հորը մեղադրում է իր, քրոջ՝ Շամսայի եւ մյուս ազգականուհիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Նա նաեւ պատմում է 16 տարեկանում իր առաջին փախուստի փորձից հետո եռամյա բանտարկության, ծեծի, մութ սենյակում երկար ժամանակ պահելու, հիգիենայի պարագաներ չտալու  մասին:

2000 թվականին փորձել էր փախչել Լատիֆայի ավագ քույրը՝ Շամսան: Փորձը ձախողվել էր, աղջկան կալանավորել էին Քեմբրիջի փողոցներից մեկում, եւ այդ ժամանակից ի վեր նրա մասին ոչ ոք ոչ մի բան չի լսել: Այսպիսի վերջ կարող է սպասել նաեւ արքայադուստր Հայային, որն, անկասկած, եղել է այս բոլոր չարագործությունների վկան, որոնք Լատիֆան նկարագրել է տեսանյությում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ