Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:

Վերջինիս առեւտրի եւ արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար եւ ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների եւ ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու եւ ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը:

Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարեւան պետությունների հետ համագործակցության արդյունքները:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:

Վարչապետ Փաշինյանի  եւ տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է: