News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում մանրամասն ներկայացրել է 6 դատական հայցերը,  որոնք ներկայացրել է լրատվամիջոցների դեմ։ 

«Բազմաթիվ են դեպքերը, որոնցով արժեր եւ կարելի էր դիմել, բայց ես վերջերս եմ սկսել դիմել, քանի որ մինչ այդ մտածել եմ, որ սա ուղղորդված չէ եւ չեմ ուզեցել կրքերը թեժացնել եւ մտածել եմ կանցնի»,–նշեց նա։

Հայկ Սարգսյանի նշեց, որ առաջին հայցը Newspress.am կայքի դեմ է. «Կայքը հոդված է հրապարակել, որտեղ ես եմ կարմիր Մերսեդեսով, հոդվածում նշվում է, որ ես օրենսդրական գործունեությամբ պաշտպանել եմ «Գուդվին» ընկերության շահերը եւ ընկերության սեփականատերը ինձ նվիրել է այդ թանկարժեք մեքենան։  Սա վարկաբեկում է ինձ որպես պատգամավորի, ով ընտրվել է թավշյա հեղափոխությունից հետո եւ չէր կարող  որեւէ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվել, սա արատավորում է նաեւ իմ քաղաքական թիմին, դրա համար ես որոշել եմ դիմել դատարան, իսկ մեքենան պատկանում է ռուսաստանաբնակ իմ ընկերջը, որը պատանի տարիքում մեկնել է արտերկիր եւ այնտեղ զրոյից հաջողությունների է հասել, եւ չի մոռացել հայրենիքը, ապրիլյան պատերազմի ժամանակ վերադարձել է Հայաստան եւ մեկնել է սահման, նաեւ խոշոր գումարներով օգնել է Զինված ուժերին։ Ես այդ մեքենան վարել եմ ընդամենը 10 րոպե, նա այդ մեքենան իր հետ բերել էր Հայաստան եւ հետո մեկնել է Ռուսաստան եւ մեքենան իր հետ տարել է»։

Հաջորդ հայցը, պատգամավորի խոսքով, եւս Newspress.am–ի դեմ է. «Կայքի մեկ այլ հոդվածում նշվում է, որ Մալաթիա–Սեբաստիա շրջանի նախկին ղեկավարը 20 մլն դրամ հեռախոսահամար է նվիրել ինձ։ Տվյալ անձին չեմ ճանաչում եւ այս հոդվածը սուտ է եւ ապատեղեկատվություն»։

Մյուս հայցը Հայկ Սարգսյանը ներկայացրել է Hraparak.am-ի դեմ այն հոդվածի համար, որում նշվում է որ խորհրդարանում նոր Շմայս է հայտնվել ի դեմս Հայկ Սարգսյանի.

«Հրապարակն ինձ անվանում է ամենաօդիոզ պատգամավորը, ու  նշում է, որ իմ մասնակցությունն եմ ունեցել ՊՎԾ–ում դիալեզի մասով քրեական գործում, բայց պետք է նշեմ, որ այդ քրգործը հարուցվել է, երբ ես արդեն ՊՎԾ–ում չէի, եւ որեւէ առնչություն չեմ ունեցել դրա հետ»։

Հաջորդը, նրա խոսքով,  նույնպես Hraparak.am-ն է, որտեղ հրապարակված հոդվածում նշվում է, որ Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել ինքնաթիռում։ Հայկ Սարգսյանը ընթերցեց հոդվածի այն հատվածը, որտեղ նշվում է Նիկոլ Փաշինյանի ախռանիկն է եղել։ Հայկ Սարգսյանը չհերքեց, որ եղել է մի ինքնաթիռում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, սակայն իրար հետ ոչ մի խոսակցություն չեն ունեցել. «Որեւէ կոնֆլիկտ չենք ունեցել, իրար նույնիսկ չենք բարեւել, իրար հետ չենք խոսել, իրար չենք դիպչել, չենք հրել, որեւէ դեբոշ չի եղել։ Կամ ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ախռանիկ կամ շիշ բռնող, ես հեղափոխության ամբողջ ընթացքում եւ մինչեւ հեղափոխությունը եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, բայց դա չի նշանակում, որ եղել եմ նրա ախռանիկը»։

Հաջորդ հայցը Հայկ Սարգսյանը ներկայացրել է  «Իրավունք» թերթի դեմ այն հոդվածի համար, որում նշվում է, որ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ է հասցրել Հայկ Սարգսյանը, քանի որ ՊՎԾ նախկին պետը հասել է իր հոր կատարած հանցագործություններին, այդ պատճառով պատգամավորը Սանասարյանի դեմ գործ է կազմել եւ տվել ԱԱԾ–ին։. «Նման բան չէր կարող լինել։ Եթե որեւէ մեկը կգտնվի, որ կասի, որ իմ հայրը իր աշխատելու ընթացքում որեւէ մեկից 1000 դրամ է վերցրել կամ նյութական օգուտ է ստացել, մենք պատրաստ ենք մեր տունը տալ այդ մարդուն»։

Պատգամավորի հաջորդ հայցը antifake.am կայքի դեմ է, «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը, որտե՞ղ է ՃՈ–ն» վերնագրով հոդվածի համար. «Հոդվածում նշվում է, որ Զարեհ Սարգսյանը վարում է թանկարժեք մեքենա եւ առանց համարանիշների։ Մենք այսպիսի մեքենա չունենք, առաջին անգամ եմ տեսել համացանցում»։

Հայկ Սարգսյանը նշեց, որ սրանք ազատ մամուլի աշխատանքի խոչընդոտման նպատակ չի հետապնդում. «Անձամբ ես ցանկանում եմ օգնել ազատ մամուլի կայացմանը, փակել դեղին մամուլի բերանը»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց ՝ սա արդյոք ճնշում չէ դատարանի վրա, երբ ինքը արդեն կայացած որոշման ձեւով է ներկայացնում, նա ասաց.«Երկու կողմերն էլ միշտ ասում են, որ ճիշտ են եւ ներկայացնում եմ իմ տեսակետը։ կարող եք լսել նաեւ լրատվամիջոցների տեսակետը»։

Տպել
Ամենաշատ