News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրու «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում մսի վաճառքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Քանի որ մեր կառույցի ղեկավարը Շիրակում ձերբակալվել է, եւ շատ աշխատակիցներ չունենք, ընթացքում այլ մարզերից մասնագետներ ենք ուղարկում դիտարկումներ անցկացնելու եւ ըստ այդ դիտարկումների՝ մենք Շիրակի մարզում բավականին լուրջ խնդիրներ ունենք, այդ թվում՝ այսպես կոչված «Լաչինի միջանցքի» մասին է խոսքը, որտեղ բավականին վատ պատկեր ունենք»,–նշեց նա։

Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ Գյումրիում դիտարկման արդյունքում գտել են մեծ քանակությամբ խնդիրներ. «Որոշեցինք դիտարկումներ անել՝ համոզված լինելով, որ ժամանակին մասնագետները, որոնք պետք է անեին, չեն արել։ Դիտարկման արդյունքում գտանք մեծ քանակությամբ խնդիրներ՝ սանիտարական նորմերի խախտում, սառնարանների բացակայություն, փաստաթղթերի բացակայություն, սանիտարական գրքույկների բացակայություն, մի խոսքով խնդիրներ, որոնք լուրջ պատիժներ են նախատեսում»։

ՍԱՏՄ ղեկավարի փոխանցմամբ՝ որոշվել է ոչ թե տուգանել, այլ հնարավորություն տալ տնտեսավարողներին շտկել հայտնաբերված խախտումները. «Բայց մենք նաեւ մարզպետի հետ քննարկելով որոշեցինք ոչ թե տնտեսավարողներին տուգանել, այլ հանդիպեցինք տնտեսվարողների հետ, առաջարկեցինք տուգանքի գումարները ուղղեն այդ խնդիրների վրա, սառնարաններ են բերվելու, խելամիտ ժամկետներ են տրվել, մոտ մի 15 օր, որ սառնարարններ բերվեն, ջուր բերվի, տարածքը մաքրեն»։

Նա վստահեցրեց՝ համենայն դեպս, ամեն ինչ անում են, որ միսը պատշաճ պայմաններում վաճառվի։

Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ առաջիկայում եւս պատրաստվում են դիտարկումներ անցկացնել, կայցելեն Վանաձորի նույն «Լաչինի միջանք» կոչվող  տարածք։        

ՍԱՏՄ ղեկավարը հավաստիացրեց՝ ստուգայցերից հետո վիճակը բավականին բարելավել է, հատկապես՝ Երեւանի «Գումի» շուկայում։

Տպել
Ամենաշատ