News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Էջմիածին քաղաքում այսօր՝ հուլիսի 9-ին, Ջիվան Աբրահամյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրանք պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով, թե պրովոկացիաներ է իրականացնում, աշխատում է նախկին քաղաքապետի ոճով, ընտանիքի անդամները վատ են վերաբերվում քաղաքացիներին։

«Նա սկսել է էժանագին պրովոկացիաներ իրականացնել։ Եթե դուք, հեղափոխությանը չմասնակցելով, կարողացել եք դառնալ Նիկոլ Փաշինյանի կուսակցության մի մաս՝ դա ընդամենը հեղափոխության սխալն է եղել։ Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, էս խոսքերս ձեզ համար թող օղ լինեն: Ամեն անգամ, եթե պատի անկյունում հակահեղափոխական բառն եք օգտագործում, ես այստեղ պարզ ժողովրդի առաջ կանգնում, ասում եմ` ձեր արարքներն են հակահեղափոխական, այլ ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Ու մի՛ ասեք, որ աղջիկ ա, կներեք, որ աղջիկ ա, քաղաքում թո՞ւյլ տանք՝ ինչ ուզենա, անի: Եկել եք, պետք է աշխատեք, ոչ թե եկել եք, ձեր տունը վերանորոգեք»,- ասաց Ջիվան Աբրահամյանը։

Դիանա Գասպարյանի նախընտրական շտաբներից մեկի պատասխանատուն ասաց, որ ինքը դժգոհ է քաղաքապետի ընտանիքի անդամների պահելաձեւից. «Իր հայրիկը, դեռ քարոզարշավի ժամանակ, ընկերոջս ասել էր՝ ոտերդ կջարդեմ։ Մի քանի օր առաջ իր մայրը էստեղ եկավ, ակնոցները սենց իջացրեց՝ նայեց մեզ վրա, իբր՝ էս ո՞վ են եկել, հավաքվել աղջկաս դեմ։ Ես ներողություն եմ խնդրում, որ իր կողքն եմ կանգնել, ես սխալվել եմ։ Ես մտածում էի, թե ինքը հեղափոխական գաղափարով է առաջնորդվելու»։

Նա նշեց, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աշխատակիցը հիմա ավելի բարձր պաշտոն ունի. «Քաղաքապետարանի նախկին աշխատողը, որը հիմա ավելի բարձր պաշտոնի ա, մեզ ասում ա՝ էտ ի՞նչ էիք ուզում փոխվեր։ Քաղաքացիներից շատերը մոտենում են ինձ, ասում են՝ ախպեր, էս ում բերիք, մտնում ենք մոտը՝ բշտում են։ Գնում ենք քաղաքապետարան, ասում ենք՝ իրավիճակ ա փոխվել, 10 հազար 500 դրամ մարոժնու խալադելնիկի համար փող եք դրել, ասում ենք՝ մի քիչ էժանացրեք, ասում ա՝ ինձ ստիպում եք, որ օրենքով չգործե՞մ»։

Ջիվան Աբրահամյանն ասաց, փոխարենը՝ քաղաքապետն աշխատի քաղաքացիներին հուզող խնդիրը լուծելով, եկել՝ իր տունն է նորոգում. «Եթե չեք կարողանում կատարել ձեր աշխատանքը, ապա գտեք նոր աշխատանք, սա փիառվելու տեղ չի, դրա համար դերասանական ֆակուլտետ դիմեիք։ Տարիքով մարդկանց դես ու դեն եք ուղարկում` էս կաբինետ, էն կաբինետ: Եթե դու ունես բարձր ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա, դրանով մենք քեզ ավելի շատ կհարգենք, որ դու հասկացար քո սխալը»։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ քաղաքի փոսերը օր օրի մեծանում են, եւ փոսալցման աշխատանքներ չեն իրականցվում. «Փոսերն օր օրի մեծանում են։ Մի քանի օր առաջ մի հղի կին ընկնում էր փոսը, հազիվ պահեցի, ամոթ ա, դու ոչնչով չես տարբերվում Կարեն Գրիգորյանից, լավ չի աղջիկ ջան, էս գիշեր նստի, եղունգներդ կրծելով մտածի՝ ինչ ա լինելու մեր քաղաքի վիճակը։ Պապադ էլ դարձել է կինոյի տղեն։ Հիմա չենք հասկանում, պապա՞դ ա քաղաքապետը, թե՝ դու։ Պապայիդ ասա, որ չեմ նայի՝ կին եմ, պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ, էջմիածինցին չի վախենում իրենից»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ