News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարեւորում է շահագրգիռ հասարակության ներգրավվածությունը նման հիմնարար փաստաթղթի մշակման գործում: Տիգրան Խաչիկյանը հորդորել է նույն ակտիվությամբ մասնակցել նաեւ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ներգրավվելու համար նախատեսվող մրցութային գործընթացին:

Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով ռազմավարության երեք հիմնասյուները՝ հակակոռուպցիոն կրթությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի ձեւավորումը եւ կոռուպցիայի կանխարգելումը, նշել է, որ դրանց շրջանակում են դիտարկվելու կոռուպցիայի դեմ պայքարի ամենատարբեր ուղղությունները: Ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման ենթատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ այդ գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումների նախաքննություն իրականացնող մեկ միասնական մարմնի ստեղծման գործընթացը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իրավասություն ունեցող մարմինների տարանջատված մոդելի ընտրությանը՝ Խաչիկյանը նշել է, որ քաղաքականություն մշակող մարմնի համոզմամբ չեն կարող մեկտեղվել բնույթով երկու տարբեր գործառույթներ, այն է՝ հայտարարագրերի ընդունման գործընթացը եւ կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացումը. այդ եւ մի շարք այլ հիմնավորումներով ընտրվել է տարանջատված մոդելի կիրառումը: 

Քննարկմանն անդրադարձ է եղել ռազմավարության նախագծի նպատակներն արտացոլող մի շարք այլ դրույթների եւս: Ամփոփելով խոսքը՝ Տիգրան Խաչիկյանը տեղեկացրել է մասնակիցներին, որ նման ձեւաչափով հանրային քննարկումներ լինելու են նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

Այնուհետեւ, հաջորդել է շահագրգիռ հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ